Լրահոս
Օրվա լրահոսը

Որպես պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքեր՝ չէին կարող հանդիսանալ առքուվաճառքի առարկա. պահանջում են անվավեր ճանաչել «Գռզո Պլազայի» պայմանագիրը

Հոկտեմբեր 15,2024 22:15

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր  Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ «Գռզո Պլազա» ՍՊ ընկերության, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտե՝ պայմանագիրն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջների մասին դատական նիստում գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է 29 տարի առաջ Արամի 3 եւ 5 հասցեներում կատարված  սեփականաշնորհման օրինականությունը:

Հայցվորի ներկայացուցիչ Սոնա Հովսեփյանը նշեց, որ բոլոր հիմքերը, միասին վերցրած, թե առանձին-առանձին, հիմք են տալիս որպեսզի պայմանագիրը ճանաչվի անվավեր: «Մենք մի քանի հիմք ունենք: Նախ, բացակայել է Երքաղխորհրդի գործկոմի կամքը, որպեսզի ընդհանրապես Արամի 3 եւ 5 շենքերը օտարվեն «Աստղիկ 1» արտադրական կոոպերատիվին:

Բացի դա, այն որոշումը, որը վեճի առարկա հանդիսացող պայմանագրում նշված է որպես հիմք Երքաղխորհրդի գործկոմի որոշման՝ 47|43 որոշումը, ընդհանրապես նման որոշում գոյություն չի ունեցել, Ազգային արխիվից ստացված տեղեկատվության համաձայն՝ մասնավորեցման գործընթաց ընդհանրապես տեղի չի ունեցել եւ ինչպես նաեւ նշեցի, որպես պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքեր, դրանք չէին կարող հանդիսանալ առքուվաճառքի առարկա: Այսինքն, ոչ թե ընթացակարգային խախտում է տեղի ունեցել, այլ առհասարակ գույքի մասնավորեցում տեղի չի ունեցել: Չկա որեւէ որոշում, որով գույքը մասնավորեցվել է»,-հայտարարեց դատախազության ներկայացուցիչը:

Պատասխանող կողմը ներկայացնելով իր դիրքորոշումը՝ ամբողջությամբ առարկեց  բոլոր պահանջների դեմ եւ ներկայացրեց խնդրո առարկա գույքի ձեռքբերման ամբողջ գործընթացը՝ պնդելով, որ դրանք ձեռք են բերվել ամբողջովին օրինական հիմքերով եւ որեւէ իրավախախտում այդ գործընթացում առկա չէ: Փաստաբան Կարեն Հակոբյանը նշեց, որ Արամի փողոց 3 եւ 5 հասցեների ամբողջ գույքը «Աստղիկ 1» կոոպերատիվին մշտական օգտագործման իրավունքով հատկացվել է Երքաղխորհրդի գործկոմի 1995 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 47|34 որոշմամբ, որով սահմանվել են դրույթներ, որոնք կոոպերատիվը ամբողջությամբ կատարել է: Եվ միայն դրանից հետո է պայմանագրով որպես սեփականություն տիրապետելու իրավունք ստացել: Ընդ որում, ամեն բան արվել է տվյալ ժամանակահատվածներում գործող օրենքների պահանջների համապատասխան: Իսկ շենքերի պատմամշակութային հուշարձաններ լինելու մասով արձանագրեց, որ դրանք համապատասխան ցուցակներում ընդգրկված չեն եղել:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Գորիկ Միրզոյանն էլ հավելեց, որ այդ հասցեներում եղել են շենքեր, որոնք քայքայվել են եւ ֆիզիկական մաշվածության արդյունքում մնացել էր մեկ հիմնապատ: Այդտեղ այո, ժամանակին բնակվել են մարդիկ, որոնք ենթադրյալ իրավունքներ են ունեցել եւ որ իրենց հասած տեղեկությունների արդյունքում պայմանագրային պարտավորություններից զատ փոխհատուցումներ են տրվել որոշ մարդկանց, որոնք դեռ առնչություն են ունեցել այդ շենքի հետ:

Դատախազ Սոնա Հովսեփյանը տարակուսանք հայտնեց պատասխանող կողմի պնդումների առիթով, թե այդ հասցեներում բնակիչներ չեն եղել: Եվ հղում անելով Երքաղխորհրդի գործկոմի 47|34  որոշմանը, արձանագրեց, որ այդտեղ եղել է շենք, որտեղ եղել են բնակարաններ ու մարդիկ են բնակվել: Նաեւ, որ Ազգային արխիվից ստացված փաստաթղթերում եւ Երքաղխորհրդի գործկոմի բոլոր որոշումներում նշվում է, որ գործ ունենք պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանի հետ:

Հայցվորի ներկայացուցիչը պատասխանող կողմից հետաքրքրվեց, թե «Աստղիկ 1»  կոոպերատիվի պայմանագրի հիմքում ո՞ր որոշումն է դրված: Պատասխանն էր՝ 1995 թվականի 47/34 որոշումը: Դատախազը  հակադարձեց, որ այս վեճի առարկա հանդիսացող առարկայի հիմքում 47|43 որոշումն է, որը այլ բաների մասին է: Նա հերքեց պատասխանող կողմի առաջ քաշած վրիպակ լինելու տարբերակը՝ նշելով, որ նման որոշում չկա եւ հայցվորի պահանջը հենց այդ չեղած որոշման հիման վրա կնքված պայմանագիրը անվավեր ճանաչելն է:

 

Դատավոր Ռուդոլֆ Ավագյանը կողմերին հրավիրեց իր մոտ՝ ճշտելու թյուրիմացության իրողությունը եւ որոշեց նիստը հետաձգել: Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 5-ին, ժամը 16:30-ին:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031