Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ում անդրադարձել են` ԼՂ-ի հայ բնակչության բռնի տեղահանմանը և էթնիկ զտմանը, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը, ՀՀ ինքնիշխան տարածքների բռնազավթմանը և ՀՀ-ի նկատմամբ տարածքային հավակնություններին

Հոկտեմբեր 15,2024 22:30

2024թ-ի սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 11-ը Ժնևում տեղի ունեցավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 57-րդ նստաշրջանը։

Նստաշրջանի ինտերակտիվ երկխոսությունները և պանելային քննարկումները կենտրոնանում էին Խորհրդի օրակարգի այնպիսի առանցքային թեմաների շուրջ, ինչպիսիք են ճշմարտության, արդարության, փոխհատուցման և չկրկնման երաշխիքները, վարձկանների կիրառումը, կամայական կալանավորումները, անվտանգ խմելու ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների իրավունքը, բռնի և հարկադիր անհետացման հարցերը և այլն: Քննարկումներ կայացան նաև առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակների վերաբերյալ։

ՀՀ մշտական ներկայացուցչությունը նստաշրջանի ընթացքում հանդես եկավ 43 ելույթներով, ինչպես նաև միացավ 19 համատեղ հայտարարությունների։

ՀՀ մշտական ներկայացուցչության ելույթներում անդրադարձներ կատարվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը և էթնիկ զտմանը, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանը և Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններին։

ՄԱԿ անդամ երկրների և կառույցների ուշադրությունը հրավիրվեց նաև Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ ռազմագերիների խնդիրներին, անհայտ կորածներին ու բռնի անհետացածներին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հայատյացության ծայրահեղ դրսևորումներին ու ատելության սերմանմանը։ Բազմիցս շեշտվեց, որ Ադրբեջանը անտեսում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումները, ինչպես նաև ՄԱԿ մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի հստակ հարցադրումները։ ՀՀ մշտական ներկայացուցչության ելույթներում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի լավագույն փորձին ու ժողովրդավարության ամրապնդման բնագավառում արձանագրված ձեռքբերումներին։

ՄԻԽ 57-րդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցավ ՄԱԿ-ի ճշմարտության, արդարության, փոխհատուցման և չկրկնման երաշխիքների հարցերով Հատուկ զեկուցողի (ՀԶ) Հայաստան այցի վերաբերյալ զեկույցի ներկայացումը, որին հաջորդեց ինտերակտիվ երկխոսություն։ ՀՀ Մշտական ներկայացուցչությունն իր ելույթում ընդգծեց, որ Հատուկ զեկուցողի այցը համընկել է ԼՂ-ից հազարավոր հայերի բռնի տեղահանման հետ։

ՀԶ-ն իր զեկույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացրած բռնի տեղահանությանը և կոչ արել ԼՂ հակամարտության հանգուցալուծման շրջանակներում ներառել ճշմարտության մեխանիզմների որդեգրման, քրեական պատասխանատվության, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանման հարցերը։ ՀԶ գովաբանել է Հայաստանի իշխանություններին՝ ԼՂ-ից տեղահանված անձանց անհրաժեշտ աջակցության տրամադրման և հանձնառության ուղղությամբ։ ՀԶ-ն անդրադարձել է նաև միջազգային ասպարեզում՝ ցեղասպանությունը կանխելու մեխանիզմներն առաջ մղելու գործում Հայաստանի դերակատարությանն ու կարևորագույն ներդրմանը։

ՄԻԽ օրակարգի 6-րդ կետի ներքո (Համընդհանուր պարբերական դիտարկում), Հայաստանը Արգենտինայի, Ֆիջիի, Պակիստանի, Հարավային Աֆրիկայի և Նորվեգիայի հետ միասին հանդես եկավ համատեղ հայտարարությամբ։

ՀՀ-ն հեղինակեց նաև Երեխաների և զինված հակամարտությունների հարցերով ոչ պաշտոնական խմբի համատեղ հայտարարությունը, որը ներկայացվեց  «Յուրաքանչյուր երեխայի համար հանուն խաղաղության և հանդուրժողականության որակյալ կրթություն» խորագրով պանելային քննարկման ժամանակ։ Հայտարարության տեքստում մասնավորապես ընդգծվում է հակամարտությունների ընթացքում մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի խախտումները՝ այդ թվում երեխաների նկատմամբ իրականացված հանցանքները հետաքննելու և պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։

ՄԻԽ 57-րդ նստաշրջանում Հայաստանը համահեղինակեց մի շարք կարևոր բանաձևեր՝ այդ թվում վարձկանների օգտագործման, մարդու իրավունքների ոլորտում տեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման, ընտանեկան բռնության վերացման, բանտարկյալների սոցիալական վերաինտեգրման, ինչպես նաև համացանցում մարդու իրավունքների խթանման վերաբերյալ բանաձևերը:

ՄԻԽ շրջանակներում Հայաստանը՝ Նորվեգիայի, «IBAHRI» մարդու իրավունքների ինստիտուտի և «UPR Info» հասարակական կազմակերպության հետ միասին կազմակերպեց «Դատական ​​ներգրավվածության միջոցով Համընդհանուր պարբերական դիտարկման առաջարկությունների իրականացման» վերաբերյալ հարակից միջոցառումը։

ՄԻԽ հաջորդ՝ 58-րդ նստաշրջանը կմեկնարկի 2025թ-ի փետրվարին:

ՄԻԽ նախորդ նստաշրջաններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ մանրամասներն, ինչպես նաև ՀՀ մշտական ներկայացուցչության ելույթները հասանելի են հետևյալ հղումով՝

 

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031