Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները չունեն այնքան ինքնասիրություն, որ իրենց ինքնասիրությունը վիրավորվեր մեր որակումներից. Վազգեն Սաղաթելյան

Հոկտեմբեր 15,2024 20:02

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր շարունակվեց «Իմնեմնիմի» հաղորդաշարի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ 2024  թվականի մարտի 22-ին Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել, ապա՝ կալանավորվել են իրենց հեղինակային «Իմնեմնիմի» հաղորդաշարում Փաշինյանի հասցեին հնչեցված գնահատականի համար։ Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով, այն է՝ խուլիգանությունը, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով։

Դատարանն այսօր հետազոտեց ապացույցները՝ հաղորդումները: Պաշտպանական թիմը դիրքորոշում հայտնեց, որ համարում են ապացույցները հետազոտված եւ իմաստ չեն տեսնում տեխնիկական ընթերցանություն իրականացնել: Հաջորդ նիստին էլ հարցաքննվելու են գործով 2 վկա:

«Առաջին իսկ օրվանից ներկայացված փաստերի հետ չենք վիճում, մենք ասում ենք՝ խնդիր չենք տեսնում այն ամենի հետ, ինչ ներկայացնում եք: Պնդում ենք, որ այդ փաստերը,  որոնք ներկայացրել են, այդ պայմաններում հանցագործություն գոյություն չունի»,- նիստից հետո լրագրողներին ասաց պաշտպաններից Արսեն Բաբայանը:

Վազգեն Սաղաթելյանն էլ նկատեց, որ դատաքննության ընթացքում մեղադրողները չեն կարողանում հիմնավորել մեղադրանքը, բայց շարունակում են կատարել իրենց իջեցված պատվերը. «Բազմիցս պնդել ենք, որ, այո՛, մենք չենք հերքում, որ օրվա իշխանություններին տվել ենք այդ որակումները: Իշխանությունները չունեն այնքան ինքնասիրություն, որ իրենց ինքնասիրությունը վիրավորվեր մեր որակումներից: Նիկոլ Փաշինյանը դեռ 2019-ին խոսում էր այն մասին, որ իրեն չի վիրավորում իր հասցեին հնչող վիրավորանքները, չի վիրավորվում, որ իրեն «թուրք» են ասում: Իրեն սկսում է   անհանգստացնել, երբ դա ստանում է հանրային լայն արձագանք: Մենք պնդում ենք, որ այն որակումները, որ տվել ենք, օբյեկտիվ որակումներ են, բայց ոչ հանցագործություն» :

Սաղաթելյանի խոսքով, այս գործով վկաները, որոնք հաջորդ նիստին կհարցաքննվեն դատարանում,  նախաքննական ցուցմունքում հայտնել են, որ իրենց հաճելի չէր լսել նման արտահայտություններ, բայց իրենք չեն ունեցել այն ապրումները, որոնք հանդիսացել են մեղադրանքի հիմք:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031