Aravot.am-ի տեղեկություններով, խարդախության դեպք է գրանցվել Արցախից բռնի տեղահանված ու Գյումրիում բնակություն հաստատած 51-ամյա Ն․ Բ․-ի նկատմամբ, որը փորձել է բնակարան ձեռք բերել։
Ն․ Բ․-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Գյումրու բնակչուհիներից մեկի՝ Ա․Ա․-ի հետ՝ Ղանդիլյան փողոցում գտնվող նրան պատկանող բնակարանը գնելու։
Արցախցի կինը բնակարանի տիրոջը՝ Ա․Ա․ ին հայտնել է, որ ինքը Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության շահառու է։
Ըստ երկկողմ համաձայնության՝ արցախցի կինը իր բնակարանը վաճառքի հանած գյումրեցի կնոջը հունիսի 24-ին կանխիկ վճարել է ընդհանուր 1.760.000 դրամ և 700 ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարը պետք է վճարեր պետական աջակցության գումարը ստանալուց հետո։ Ն.Բ․-ն ընտանիքով տեղափոխվել է բնակության Ղանդիլյան փողոցում գտնվող տվյալ բնակարան, սակայն կարճ ժամանակ անց պարզել է, որ այն գրավադրված է բանկերից մեկում և պարտավորությունները չկատարելու համար բանկի կողմից եղել է բռնագանձման որոշում։ Նշված գույքը Ա.Ա․-ն իրավունք չի ունեցել վաճառելու:
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 2-ին փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր. օր. 255-րդ հոդ., 2-րդ մասի, 3-րդ կետի հատկանիշներով:
Ըստ նախաձեռնված քրեական վարույթի «Ա․Ա․-ն դիտավորությամբ լռել է և խաբեությամբ հափշտակել Ն.Բ․-ի կողմից տրված գումարները և մտադիր է եղել ընդհանուր 17.500.000 դրամը խաբեությամբ նույնպես հափշտակել»: