Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով լսումների ժամանակ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հարց ուղղեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցչի ձերբակալության դեպքի մասին։
«ԱԱԾ-ն գործողություն իրականացրեց, որը շատ աշակերտների վախեցրեց։ Արդյոք ծառայողական քննություն կա եւ արդյոք փորձելու եք այնպիսի ընթացակարգեր ներդնել, որպեսզի անչափահասների ներկայությամբ իրականացվող գործողությունների արդյունքում անչափահասները հոգեկան տրավմա չտանեն»,- հարցրեց Իոաննիսյանը։
Արմեն Աբազյանին ասաց, որ դպրոցում տեղի ունեցող դեպքով ուսումնասիրություն է իրականացվում։ «Բայց ասեմ, որ համացանցում ներկայացված իրավիճակը, որ ԱԱԾ աշխատակիցները դիմակավորված են եղել եւ ահաբեկել են այդ թվում՝ նաեւ երեխաներին, նախնական կարող եմ ասել, որ նման իրավիճակ չկա։ Իսկ մյուս ուղղություններով իրականացվում է համապատասխան ուսումնասիրություն»,-նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ