Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնացեք, ասեք՝ Աղազարյան Հովիկն ասում է, եթե անուն չասացիր, ուրեմն ստախոս, ամենավերջին սրիկան ես»․ Աղազարյանը՝ Քյարամյանի մասին

Հոկտեմբեր 15,2024 19:40

«Գնացեք, ասեք, որ անուններ ասի։ Ասեք՝ Աղազարյան Հովիկն ասում է, եթե անուններ չասացիր, ուրեմն ստախոս, ամենավերջին սրիկան ես»,- ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ վիճաբանությունից հետո ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Արգիշտի Քյարամյանի այն հայտարարությանը, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Հովիկ Աղազարյանի տղայի հետ կապված քրեական գործով՝ մեքենաները վերադարձնելու վերաբերյալ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով լսումների  ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջեւ։

Վիճաբանությունը հաջորդեց նրան, երբ Աղազարյանն իր ելույթում քննադատեց Արգիշտի Քյարամյանին. «Կալանքը մի օգտագործեք ճնշման միջոց, դա վտանգավոր է, որովհետեւ դուք չլինեք, ես լինեմ, այդ ճնշման միջոցը կօգտագործեմ ուրիշ հարցեր լուծելու համար։ Թե հետո ինչ տեղի կունենա մեր արդարադատության հետ, Աստված գիտի»։

Լրագրողի հարցին՝ այդ վեճի հետ կապված շատ լարվեցի՞ք, Հովիկ Աղազարյանը պատասխանեց՝ ոչ։ Լրագրողի հստակեցմանը՝ իսկապե՞ս ոչ մի խնդիր չկար, քանի բարձրախոսին հարվածեցիք, կարծես ուզեիք Քյարամյանին հարվածել, պատգամավորն արձագանքեց․ «Էս ի՞նչ եք խոսում, էս ի՞նչ վատ կարծիքի եք իմ մասին»։

Հետաքրքրվեցին՝ ի՞նչ էր ակնարկում Քյարամյանը, երբ ասում էր, որ առնվազն երկու անգամ Ձեր տղայի քրեական գործերով իրեն դիմել են, պատգամավորն ի պատասխան ասաց․ «Տարրական բան է, թող անունը տա, չտվեց, ուրեմն ստախոս է։ Ո՞վ կհամարձակվի իմ տղայի անունով ինչ-որ մեկին դիմել»։ Լրագրողների՝ շարունակվող հարցերին ի պատասխան Հովիկ Աղազարյանն ասաց․ «Կթողնե՞ք մի կտոր հաց ուտեմ, սոված մեռնում եմ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031