«Հստակ ասեք՝ այդ պայմանավորվածություններն ո՞ւմ կողմից են ձեռք բերվել, դուք եք բանակցել, թե՞ Նիկոլ Փաշինյանը, ինչպե՞ս է ստացվել, որ մենք մեր հերթական տարածքային կորուստներն ենք ունեցել»։
Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով լսումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը դիմեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. «Իշխանությունները հայտարարել են, որ ավելի քան 200 քկմ տարածք օկուպացված է Ադրբեջանի կողմից եւ հիմնականում Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով։ Բայց կա առնվազն մեկ հատված, դա Տեղ գյուղն է, որտեղ եղել է ոչ թե օկուպացիա, այլ եղել է Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ պայմանավորվածություն, որ պետք է իքս օրը իքս հենակետում ադրբեջանական եւ հայկական կողմի տեղակայում լինի։
Եվ հիմնականում խոսվում էր այն մասին, որ պետք է սահմանապահ զորքը գար եւ տեղակայվեր այդ հատվածում։ Ադրբեջանական կողմը մի բան էլ շուտ գալիս ու օկուպացնում է տարածքները, եւ հայկական կողմից որեւէ մեկը չկար։ Պաշտոնանկ է արվում սահմանապահ զորքերի հրամանատարը, հարուցվում է քրեական գործ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պետք է քրեական գործի շրջանակներում հասկանալ՝ ի վերջո ինչ է տեղի ունեցել։
Եվ, ինչպես արդեն գիտենք, քրեական գործը փակված է, մեղավորներ չկան, ոչ ոք փաստորեն մեղավոր չէ նրանում, որ Ադրբեջանը եկել եւ օկուպացրել է ՀՀ տարածքները։
Կարդացեք նաև
Մեր քաղաքացիների համար հստակ ասեք՝ այդ պայմանավորվածություններն ո՞ւմ կողմից են ձեռք բերվել, դուք եք բանակցել, թե՞ Նիկոլ Փաշինյանն է բանակցել։ Եվ ի վերջո ինչպե՞ս է ստացվել, որ մենք մեր հերթական տարածքային կորուստներն ենք ունեցել»։
Արմեն Աբազյանին ասաց, որ այդ դեպքով հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում սահմանապահ զորքերի հրամանատարին մեղադրանք չի ներկայացվել։ «Ինչ վերաբերում է պայմանավորվածությանը եւ Ադրբեջանի հետ տեղի ունեցող իրադարձություններին, այս ամբիոնից նպատակահարմար չեմ գտնում բարձրաձայնել»,- նշեց Աբազյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ