«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագիրը փորձարկող Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան N5 ավագ դպրոց է այցելել մարդասեր, «Flagship Pioneering» ընկերության հիմնադիր տնօրեն, «Moderna» ընկերության համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիր դոկտոր Նուբար Աֆեյանը։
Դոկտոր Աֆեյանը հանդիպել է ծրագրի աշակերտների հետ, ծանոթացել նրանց առաջին նախագծերին և ոգևորել սովորողներին զարգացնելու նորարարության ձգտումն ու ստեղծարար միտքը։ Նրան միացել էր դոկտոր Արմեն Մկրտչյանը, որը գլխավորում է Pioneering Intelligence-ը՝ նախաձեռնություն կոչված ընդլայնելու արհեստական բանականության կիրառությունը Flagship Pioneering-ում և դրա պորտֆելի մեջ մտնող ընկերություններում։
Դոկտոր Աֆեյանն աշակերտների հետ զրույցում նշել է․ «Դուք կարող եք ստեղծել այն, ինչ կարող եք երևակայել։ Ես Ձեզ ուզում եմ քաջալերել, որ ոչ միայն արվեստի, այլև գիտության մեջ օգտագործեք ձեր երևակայությունը»։
Կարդացեք նաև
Դոկտոր Մկրտչյանն էլ, որն ինքն էլ ծնունդով Արմավիրից է, պատմել է Հայաստանից մինչև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և «Flagship Pioneering» ընկերություն անցած իր ուղու մասին ու ոգևորել ծրագրի մասնակիցներին՝ լավ սովորել, համարձակ մտածել ու բաց չթողնել արհեստական բանականության մեջ վաղ տարիքից մասնագիտանալու ընձեռնված հնարավորությունը։
Վաղարշապատի N5 ավագ դպրոցը մեկն է հանրապետության այն 15 ավագ դպրոցներից, որոնք 2023 թվականի սեպտեմբերից փորձարկում են «ԱԲ սերունդ» ծրագրի դպրոցական բաղադրիչը։ FAST-ի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվող այս ծրագիրը ներգրավել է 540 աշակերտ։ Ուսուցիչների և ԱԲ ոլորտի մասնագետների աջակցությամբ աշակերտներն ուսումնասիրում են խորացված մաթեմատիկա, Python ծրագրավորման լեզու և արհեստական բանականություն։
Ի լրումն այցին՝ դոկտոր Նուբար Աֆեյանը լինելու է նոյեմբերի 16-ին Փարիզում կայանալիք FAST-ի «Advance Armenia Gala» բարեգործական ընթրիքի բանախոսներից մեկը։ Միջոցառմանը նվիրաբերված բոլոր միջոցներն ուղղվելու են «ԱԲ սերունդ»-ի աշակերտների ուսումնառության ապահովմանն ու ծրագրի ընդլայնմանը։
FAST հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին Հայաստանը գիտությամբ և նորարարությամբ առաջատար երկիր դարձնելու առաքելությամբ: Հիմնադրամն իրականացնում է նախագծեր կրթության, գիտության և գիտական արդյունքի առևտրայնացման ուղղություններում: Իր գործունեության յոթ տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 26 ծրագիր ավելի քան 15 հազար շահառուի համար։
«ԱԲ սերունդ» դպրոցական նախագիծը նույնանուն ծրագրի առաջին բաղադրիչն է, որն իրականացնում է FAST-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ՝ ոլորտային կառույցների գործակցությամբ։ Ծրագրի նպատակն արհեստական բանականության ոլորտի նորարարի և հետազոտողի ողջ կրթական ուղու ձևավորումն է՝ սկսած ավագ դպրոցից։ Մինչև 2026-ը նախատեսվում է ծրագիրը հասանելի դարձնել հանրակրթական դպրոցների աշակերտների ավելի քան 80%-ի համար։