Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի կողմից COP29-ի հյուրընկալումը դառը հեգնանք է». Ահմադ Քազեմի

Հոկտեմբեր 15,2024 17:47

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը՝ COP29-ը, անցկացվելու է Ադրբեջանում նոյեմբերի 11-ից 22-ը։ Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից միջազգային նորմերի և իրավունքների շարունակական ոտնահարումներն ու բնապահպանության ոլորտում բացասական վարքագիծը՝ նման համաժողովի անցկացումը Բաքվում քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել տարբեր երկրներում:

Կովկասի հարցերով իրանցի հայտնի փորձագետ Ահմադ Քազեմին օրերս «Ինչո՞ւ Բաքուն COP29-ի համար արժանի հյուրընկալ չէ» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ հստակ մատնանշել է, թե ինչու այդ համաժողովը չպետք է անցկացվի Բաքվում: Փորձագետը նախ ընդգծել է, որ Կլիմայական համաժողովն անցկացվում է այն երկրներում, որոնք մեծ դերակատարում և լուրջ առաջընթաց ունեն շրջակա միջավայրի պաշտպանության գործում, իսկ Ադրբեջանն, ընդհակառակը, այս առումով շատ վատ համբավ ու փորձ ունի: Որպես առաջին գործոն՝ Քազեմին առանձնացրել է այն հանգամանքը, որ Կասպից ծովն ամենաշատ աղտոտող երկիրն Ադրբեջանն է: Փորձագետը նկատել է, որ Բաքվի նավթային արդյունահանումների հետևանքով Կասպից ծովում վտանգված է բուսական ու կենդանական աշխարհը, իսկ նավթային աղտոտվածությունը հասնում է մինչև ծովի իրանական ափեր:

Հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին՝ փորձագետը նշել է, որ դեռ տասնյակ տարիներ առաջ Ադրբեջանը Կասպից ծով է լցրել Ուկրաինայից Ադրբեջան բերված միջուկային թափոնները՝ յուրաքանչյուր կոնտեյների դիմաց ստանալով 260 հազար դոլար:

«Կոյուղային ենթակառուցվածքների ոլորտում ներդրումների բացակայության պատճառով ամեն տարի խիտ բնակեցված Բաքու և Սումգայիթ քաղաքներից միլիոնավոր տոննա քաղաքային, կենցաղային և արդյունաբերական չմշակված թափոններ են լցվում Կասպից ծով՝ վտանգելով այդ փակ ծովի էկոհամակարգը, իսկ Նախիջևանից էլ՝ Արաքս գետը»,- շարունակել է Քազեմին։

Բացի այդ՝ փորձագետը մատնանշել է, որ շրջակա միջավայրի պաշպանության շուրջ Բաքվի հնչեցրած մտահոգությունները ձևական ու ցուցադրական բնույթ ունեն: Որպես օրինակ՝ նա նշել է, որ Բաքուն անհանգստացած է Կասպից ծովի մակարդակի նվազմամբ միայն այն պատճառով, որ այն վնաս է հասցնում նավթարդյունահանմանը:

Քազեմին խոսել է նաև Ադրբեջանի Սոյուդլու գյուղի էկոլոգիական խնդիրների և դրանք բարձրաձայնող գյուղացիների նկատմամբ իշխանությունների գործադրած ճնշումների մասին: (Ավելի մանրամասն՝ «COP29-ը և Բաքվի ցինիզմը» հոդվածում):

Ըստ փորձագետի՝ ամենամյա այդ համաժողովները միայն «շրջակա միջավայրի պաշտպանության» մասին չեն, այլև՝ «մարդու իրավունքների», իսկ Ադրբեջանը խախտում է ոչ միայն շրջակա միջավայրի պաշտպանության մասին օրենքները, այլև՝ մարդու իրավունքները: Այս համատեքստում նա հիշատակել է շիա հավատացյալների ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումներն Ադրբեջանում: Փորձագետը նկատել է, որ այս վարքագիծը Բաքուն փորձում է քողարկել միջազգային միջոցառումների անցկացմամբ, ինչպես օրինակ՝ «Ֆորմուլա 1»-ն է:

«Ներկայումս Ադրբեջանը COP29-ը փորձում է օգտագործել որպես գործիք աշխարհի, հատկապես՝ արևմտյան աշխարհի հասարակական կարծիքը Ղարաբաղի ինքնավար շրջանի էթնիկ զտումներից շեղելու համար։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Ղարաբաղի վրա և խախտեց 2020 թվականի Մոսկվայի հրադադարի համաձայնագիրը՝ պատճառ դառնալով ավելի քան 120.000 բնիկ հայերի զանգվածային տեղահանության ու բռնագաղթի և ոտնահարելով նրանց ունեցվածքի, պատմական, մշակութային և կրոնական իրավունքները։ Օգտագործելով COP29 միջոցառումը և հյուրընկալելով մոտ 80.000 մարդու և ցույց տալով խաղաղ դեմք՝ Բաքուն փորձում է շեղել համաշխարհային հանրային կարծիքն այս էթնիկ զտումներից։ Այդ իսկ պատճառով, Ղարաբաղից վտարված հայերին պատկանող պատմական և կրոնական հուշարձանների ոչնչացման մասին լուրերին զուգահեռ, Ադրբեջանի նախագահը Ղարաբաղը և նրա շրջակա տարածքները հռչակեց «կանաչ էներգիայի» գոտիներ»,- գրել է Քազեմին։

Նա հավելել է, որ Արցախը զավթելուց բացի՝ Ադրբեջանն ագրեսիա է իրականացնում նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ նրա տարածքը հռչակելով «Արևմտյան Ադրբեջան» և հրաժարվելով խաղաղության պայմանագիր կնքել: Զուգահեռաբար Ադրբեջանն առաջ է մղում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որն իր հերթին, փորձագետի գնահատմամբ, աղետաբեր է լինելու նաև տարածաշրջանի շրջակա միջավայրի համար: «Այս ֆոնին՝ Բաքվի կողմից COP29-ի հյուրընկալումը դառը հեգնանք է շրջակա միջավայրի վերաբերյալ միջազգային օրենքների նկատմամբ»,- համոզմունք է հայտնել Քազեմին:

Որպես վերջաբան՝ Ահմադ Քազեմին ընդգծել է, որ այս համաժողովը Բաքվում է անցկացվում Ադրբեջանի նավթադոլարների շնորհիվ, սակայն իրականում Ադրբեջանը ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության համաժողովի անցկացման համար արժանի հյուրընկալ չէ։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031