Լրահոս
Օրվա լրահոսը

Նորոգված մանկապարտեզում ծնողներից սպասք եւ անկողին են ուզել, տնօրենն ասում է՝ կարող են ըստ ցանկության բերել

Հոկտեմբեր 15,2024 17:39

Երեւանի համար 61 մանկապարտեզի (նախկինում թիվ 312 մսուր-մանկապարտեզ) շենքը կառուցվել է 1987 թ.-ին: Այն վերանորոգվել է 2022-2024 թթ-ին եւ վերջապես իր դռներն է բացել երեխաների առաջ:

Aravot.am-ի հետ զրույցում մանկապարտեզի սաների մի խումբ ծնողներ դժգոհեցին, որ մանկապարտեզի տնօրենը ժողով է հրավիրել եւ առաջարկել, որ ծնողները ոչ միայն երեխաների անկողինը բերեն, այլ սպասքը: «Նախկինում այլ մանկապարտեզներում ոչ մի նման խնդիր չի եղել, պատահել է, որ ասել են, եթե ուզում եք, կարող ենք փոխնորդ անկողին բերել, հիմա անգամ ափսե ու գդալ չունեն»,-նեղսրտեց ծնողներից մեկը: Ասաց նաեւ, որ մանկապարտեզը արտաքինից նորոգ է, բայց ներսում հին գույք է օգտագործվում:

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք մանկապարտեզի տնօրեն Աննա Մարգարյանից : «Ծնողական ժողովին ընդամենը բարձրաձայնվել է, որ քաղաքապետարանի միջնորդությամբ սպասք եւ անկողնային պարագաներ մենք ստանալու ենք: Այս պահին ունենք մեր հին անկողնային պարագաները, որոնք կարող ենք օգտագործել, մինչեւ նորը ստանանք: Ծնողների մի մասը նեղսրտեց, թե ինչու պետք է մեր երեխաները օգտագործված սպիտակեղենի վրա քնեն: Ասել եմ՝ ըստ ցանկության, կարող եք յուրաքանչյուրդ ձեր բալիկի համար նոր անկողնային պարագաներ եւ նոր սպասք բերել, հակառակ դեպքում մանկապարտեզը կտրամադրի իր ունեցածը:

Ծնողների մի մասը նպատակահարմար չգտավ մասնակից լինել, եւ մենք մեր ունեցածով սպասարկեցինք երեխաներին, մի մասն էլ թարմ անկողնային պարագաներ եւ սպասք բերեց: Ունենք ծնողներ, որոնք առաջին բալիկին են բերում մանկապարտեզ եւ չեն ցանկանում, որ երեխան օգտագործած որեւէ բանի հետ առնչվի;

Ի դեպ, նախապես գրություն է ուղարկվել քաղաքապետարան, որ մանկապարտեզը նախկինում աշխատել է 8 խմբով, այս պահին՝ 10 խմբով է, իսկ հետո 12 խմբով ենք աշխատելու, դիմել ենք, որ մեզ մատակարարեն անհրաժեշտ չափով: Մանկապարտեզը յուրաքանչյուր բալիկի համար պետք է ունենա սպիտակեղենի առնվազն երկու օրինակ, մանկապարտեզում եղածը օգտագործում ենք որպես երկրորդ օրինակ, ծնողների բերածը՝ երկրորդի լրացումն է, մինչեւ քաղաքապետարանը մեզ կհատկացնի»,-պարզաբանեց մանկապարտեզի տնօրենը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031