Region Monitor. Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության ընկերության (TRT) գլխավոր տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Զահիդ Սոբաջըն Բուրսայի Ուլուդաղի համալսարանի 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկի արարողությանն օրերս ունեցած ելույթում ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ թիրախավորելով Իրանին։
Թուրքական պետական մեդիահոլդինգի տնօրենը, հայտարարելով, որ մինչև տարեվերջ նախատեսում են բացել TRT-ի պարսկերեն ալիքը, մասնավորապես ասել է․ «Մինչև այս տարվա վերջ TRT Farsça-ն (TRT պարսկերեն) է գալու, պետք է անհանգստացնենք Իրանին, ստիպված ենք անհանգստացնել Իրանին»։
Թուրքիայի պետական մարմնի ներկայացուցչի նման հռետորաբանությունը խնդրահարույց է որակվել սոցցանցերի թուրքական տիրույթում՝ ընդդիմադիրների շրջանում, մի շարք տարբեր ԶԼՄ-ներում, վերլուծական-փորձագիտական շրջանակներում։ Օգտատերերի գրառումներում, ինչպես նաև վերլուծաբանների հոդածներում ընդգծվել է, որ պետական ծառայողը չի կարող նման հայտարարություն անել առանց երկրի քաղաքական իշխանությունների գիտության։
Թուրք ազգայնականների լրատվամիջոցը հանդիսացող Yeniçağ-ի սյունակագիրներից, լրագրող Արսլան Բուլութը, հիշեցնելով, որ 2017թ․-ից հետո TRT-ն փաստացի վերածվել է երկրի նախագահի խոսափողին, նշել է․ «TRT-ի գլխավոր տնօրենը չի կարող սահմանել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը։ Եթե «Իրանին անհանգստացնելու» համար հանձնարարական ստացած չլինի, չի կարող այդպես խոսել»։
Կարդացեք նաև
Ընդդիմադիր, քեմալական Cumhuriyet թերթում հրապարակվել է Մեհմեդ Ալի Գյուլերի հոդվածը՝ «TRT-ն գոհացնելու է Իսրայելին» վերնագրով։ Դրանում Գյուլերը շեշտել է, որ Սոբաջըի խոսքերն իշխանական բյուրոկրատիայի, մասնավորապես իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առժամանակ տարվող հակաիրանական գծի վերջին օղակն են։