Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն ֆուտբոլիստները, որոնք լքել են մեր ակումբը, այլևս չեն կարող ազատ մուտք ու ելք ունենալ ակումբում».

Հոկտեմբեր 15,2024 16:57

Երևանի «Փյունիկն» իր մարզաբազայում թիմի նախկին պատանի ֆուտբոլիստների դեմքերով նկար է փակցրել և նշել, որ նրանց մուտքն այդ տարածք այլևս արգելված է։ Այս մասին տեղեկացնում է նախկին լրագրող Հայկազ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Լուսանկարում «Փյունիկի» արդեն նախկին պատանի ֆուտբոլիստներն են, ովքեր որոշել են իրենց կարիերան շարունակել այլ ակումբներում։ Ինչքան հասկացա, հիմնականում տեղափոխվել են «Նոա»: Տեղափոխության համար «Փյունիկը» ստացել է մարզումային փոխհատուցում՝ սահմանված կարգով։

Այս պատանիները, ովքեր, ի դեպ, անչափահաս են, «Փյունիկում» ստացել են ոչ ցանկալի անձի կարգավիճակ։ Նրանց մուտքը, ինչպես տեսնում եք նկարում, արգելված է ակումբի մարզաբազա։ Անկեղծ, չգիտեմ, թե ինչպես է ակումբը գնացել նման քայլի, բայց հուսով եմ, որ այս խայտառակությունը շատ շուտ կվերացվի։

Գիտեմ, որ այս գրառումը կարդալու են նաև մարդիկ, ովքեր որոշման հեղինակներն են։ Նման քայլը դեմ է ցանկացած նորմերի և պատիվ չի բերում «Փյունիկի» նման ակումբին։ Լիովին նորմալ է՝ ակումբի ապագան հարցականի տակ լինելու կամ թեկուզ այլ պատճառով ֆուտբոլիստ հեռանա ակումբից։ Դա ֆուտբոլիստի որոշումն է և ոչ մի ֆուտբոլիստ հավատարմության հավիտենական երդում չի տվել ոչ մի ակումբի»։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն ArmSport.am-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է այդ լուրը. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մեծ համախմբված ընտանիք է, իսկ մեր մարզաբազային մենք վերաբերվում ենք որպես մեր տանը, որտեղ մեր ակումբի բոլոր սաներն առանց որևէ սահմանափակումների կարող են օգտվել մարզասարքերից, խաղերից, անցկացնել անհատական մարզումներ, դիտել գլխավոր թիմի մարզումները, շփվել ֆուտբոլային աստղերի հետ և այլն:

Այն ֆուտբոլիստները, որոնք լքել են մեր ակումբը, այլևս չեն կարող ազատ մուտք ու ելք ունենալ ակումբում վերոնշյալ նպատակներով, այդ պատճառով մեր մարզաբազայի պահակակետերում նման պաստառներ են կախված: Ակումբը ոչ մի դեպքում ցանկություն չունի վիրավորելու ոչ ոքի և այդ հայտարարությունը կրում է միայն տեղեկատվական բնույթ:

Պաստառները կախված են ու տեսանելի այն վայրերում, որտեղ պահակները կանոնավոր հերթապահություն չեն անցկացնում»:

Երևանի «Նոան», ուր տեղափոխվել են պատանի ֆուտբոլիստները՝ անդրադարձել է «Փյունիկի» այս քայլին: «Մեզ համար անընդունելի է անչափահաս ֆուտբոլիստների այսպիսի թիրախավորումը և երեխաների իրավունքների ոտնահարումը. սա դուրս է բարոյական և էթիկական բոլոր նորմերի սահմաններից։ «Նոա» ֆուտբոլային ակումբը ֆուտբոլիստների գրանցումն իրականացրել է իրավական գործընթացներին համապատասխան՝ վճարելով մարզումային փոխհատուցումներ։ Մենք մեր ֆուտբոլիստների համար ապահովում ենք լավագույն պայմաններ՝ լավագույն ենթակառուցվածքների ստեղծման ծրագրեր, բարձրակարգ մարզչական անձնակազմ, սպորտային տեխնիկական հագեցվածություն, վարձատրություն, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ։

Մենք պատրաստ ենք մինչև վերջ աջակցելու երեխաներին և ծնողներին՝ դատական կարգով հարցի կարգավորման համար։ Իսկ ապագայում, եթե նրանք տեղափոխվեն այլ ակումբներ և գրանցեն հաջողություններ իրենց ֆուտբոլային կարիերայում, միայն կկիսենք ուրախությունն ու կհետևենք նրանց ձեռքբերումներին»,- ասել է «Նոա» ակումբի զարգացման տնօրեն Աննա Օհանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031