Ֆեյսբուքում իբրեւ Regina Prazyan գրանցված օգտատերը, որը հանրության շրջանում հայտնի է որպես իշխանական ֆեյք եւ զբաղված է իշխանությունների տեսակետները չկիսող գործիչներին քննադատելով ու նրանց մասին ինչ-ինչ հրապարակումներ անելով, վերջերս սկսել է կրթական հաստատությունների մասին գրառումներ կատարել:
Օրերս նրա թիրախում է հայտնվել նաեւ Երեւանի Հովհաննես Պողոսյանի անվան 82 դպրոցը: Ֆեյք օգտատերը ֆեյսբուքյան ինչ-որ նամակագրություն է հրապարակել ու նշել, որ այդ դպրոցում իր ձեւակերպմամբ՝ խայտառակ դրամահավաք է իրականացվում: Անգամ դիմել է Փաշինյանին, Ներքին գործերի նախարարին ու Մարդու իրավունքների պաշտպանին:
Գրառումը դուր չի եկել դպրոցի աշակերտների ծնողներին, որոնք գրառման տակ իրենց վրդովմունքն են արտահայտել:
Կարդացեք նաև
«Ես չգիտեմ, թե որտեղից է ծագել այդ թեման, բայց կարող եմ հաստատապես ասել, որ նման բան գոյություն չունի: Տղաս 9-րդ դասարանն այդ դպրոցում է ավարտել, դուստրս էլ ներկա պահին սովորում է 9-րդ դասարանում, մենք տարիներով ճանաչում ենք այդ մանկավարժական կոլեկտիվին, ինքս մանկավարժի ընտանիքից եմ: Որեւէ բացասական բան այդ դպրոցում չենք հանդիպել, տեսել ենք նորմալ, կազմակերպված, խստապահանջ, կարգ ու կանոնով դպրոց: Դրամահավաքի մասին խոսք լինել չի կարող: Գումար հավաքել ենք միայն մեր երեխաներին էքսկուրսիա տանելու համար:
Մենք՝ որպես ծնող, ընդամենը վրդովված ենք, որ նման լուրեր են տարածում, թե չէ դպրոցի տնօրենի, ուսուցիչների կամ դասղեկի փաստաբանը չենք: Մասնավորապես դասղեկի կողմից այնպիսի աչալրջություն ենք տեսել մեր երեխաների հանդեպ, այնպիսի հոգատարություն, որ հնարավոր չի անգամ նկարագրել: Ախր ամեն անգամ դպրոցի վրա քար նետելով ոչնչի չենք հասնի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Էմին Ավանեսյանը:
Հավելեց նաեւ, որ ըստ որոշ տեղեկությունների՝ ֆեյք օգտատիրոջ գրառումը կատարվել է տնօրենի՝ իբրեւ հավակնորդ մրցույթի մասնակցելու համար դիմում ներկայացնելու հաջորդ օրը։
Մեկ այլ ծնող՝ տիկին Էդիտան, նշեց, որ դպրոցում ունի երկու երեխա, ավագն արդեն ավարտել է դպրոցը: «Դպրոցում լավից բացի` այլ բան չենք տեսել, հոգատար են երեխաների հանդեպ, ամեն մեկի ցավով ապրում են, ամեն մեկի ուրախությամբ ուրախանում, տնօրենը բոլորին անուն առ անուն ճանաչում է: Մենք երբեք գումար չենք հավաքել, միայն գումար է հավաքվել երեխաներին էքսկուրսիա տանելու համար: Իսկ ուսուցչի տոնին միայն ծաղկեփունջ ենք նվիրել, որը բնավ կաշառք չէ, փորձել ենք այդ կերպ պատասխանել հոգատարությանը: Իսկ մարդուն վարկաբեկելը վատ արարք է, որը բումերանգի նման վերադառնում է»,-ասաց նա:
Դպրոցի տնօրեն Լիլիթ Ասլանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ հարցազրույց տալու իրավասություն չունի, քանի դեռ չի ճշտել իր վերադասից: Միեւնույն ժամանակ` նշեց, որ անիմաստ են համարում արձագանքել գրառմանը, քանի որ չգիտեն` ով է հեղինակը, ում են արձագանքելու, իսկ դրամահավաք, նրա հավաստմամբ, դպրոցում չի եղել:
Դառնալով Regina Prazyan օգտատիրոջ գրառումների բնույթին, նշենք, որ նրա գրառումներից մեկը վերաբերվում էր, օրինակ, Սրբազան շարժման առաջնորդին, որտեղ ֆեյք օգտատերը նշում էր, թե իբր Բագրատ սրբազանը՝ կուսակրոն հոգեւորականը, իր երկու որդիներին ազատել է բանակից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ