Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորը ծնվել են նախկինում, բոլորը նախկին են․ ստեղ ապագայից ծնված կա՞»․ Արմեն Խաչատրյան

Հոկտեմբեր 15,2024 16:22

«Եթե մի բան ընտրությամբ է, դա չի նշանակում, որ չընտրվելու դեպքում տապալվում է։ Դա տապալում չէ»,- հարցին՝ ինչո՞ւ տապալվեց Արփի Դավոյանի՝ արդարադատության նախարարի պաշտոնում թեկնածությունը, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Դիտարկմանը՝ Արփի Դավոյանն անգամ իրավաբանության դիպլոմ չուներ, Արմեն Խաչատրյանն արձագանքեց․ «Ցանկացած նախարարի համար շատ ավելի կարևոր է քաղաքական որոշումների կայացումը և կառավարումը»։

Փաստմանը՝ տեղեկություններ կան, որ արդարադատության նախարարի պաշտոն են առաջարկել են ՔՊ խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանին, Արուսյակ Ջուլհակյանին, Վլադիմիր Վարդանյանին, բայց նրանք հրաժարվել են, Արմեն Խաչատրյանն արձագանքեց․ «Վլադիմիր Վարդանյանը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահն է։ Որպես հաստիքային տարբերություն՝ դա հավասար է նախարարի պաշտոնին։ Նա համարում է, որ ինքն այդ պաշտոնում շատ ավելի արդյունավետ է աշխատում, քան նախարարի պաշտոնում։ Առաջին անգամը չէ, որ նրան նման առաջարկություն է արվում։ Մյուսները գուցե հրաժարվում են ընտանեկան վիճակի պատճառով, կարևորում են երեխա դաստիարակելը, քան 20 ժամ նախարար աշխատելը․ ամեն մարդ մի պատճառաբանություն ունի»։

Լրագրողների դիտարկմանը՝ չեք տեսնո՞ւմ, որ ձեր իշխանությունը կադրային բանկի սնանկություն ունի, դրա համար ոնց պտտվում եք, գնում, հասնում եք նախկիններին․ Գրիգոր Մինասյանը, դուք էլ եք նախկին, Արմեն Խաչատրյանն արձագանքեց․ «Բոլորը ծնվել են նախկինում․ ոչ մեկը չի կարող ապագայում ծնվել։ Բոլորը նախկին են։ Ստեղ ապագայից ծնված կա՞։ Ժամանակահատվածը այնպիսին է եղել, որ սովորել եմ այդ ժամանակահատվածում, ծառայության եմ անցել այդ ժամանակահատվածում, նախկին իշխանությունը ով կլիներ, ինչ կլիներ, որևէ կապ չուներ իմ բռնած ուղու հետ»։

Արմեն Խաչատրյանը նշեց՝ կադրային խնդիրներ միշտ կան։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ մի՞թե այս իշխանությունը քաղաքական պատասխանատվություն չպիտի կրի, քանի որ զինված ուժերում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերն աճում են և պատասխանատուները չեն պատժվում, Արմեն Խաչատրյանը պատասխանեց․ «Նման դեպք չկա, որ քրեական գործ չհարուցվի, և եթե կան մեղավորներ պատասխանատվության չենթարկվեն»։

Հարցին՝ Սուրեն Պապիկյանը չպե՞տք է պատասխանատվության ենթարկվի, Արմեն Խաչատրյանն արձագանքեց․ «Եթե մենք որոշենք, որ կգա մի օր, որ բանակում զոհեր չեն լինի․․․ բանակում շատ հանգամանքների հետ են շփվում, որոնք վտանգի մեծ աղբյուր են պարունակում, հետևաբար այնպիսի իրավիճակ, որ բանակում ընդհանրապես զոհ չունենանք, դժբախտ դեպքեր չլինեն, հնարավոր չէ։ Մեր քաղաքացիական կյանքում ճանապարհատրանսպորտային դեպքեր ամեն օր գրեթե լինում են։ Հետևաբար` անհատական դեպքերով միայն չենք կարող գնահատական տալ։ Սուրեն Պապիկյանի հետ անընդհատ կապի մեջ ենք, Սուրեն Պապիկյանն ահռելի մեծ աշխատանք է իրականացնում ՊՆ-ի և ԳՇ-ի հետ միասին՝ սկսած կադրերի պատրաստումից, վերջացրած ռազմատեխնիկական համագործակցություն։ Այսօր բանակի մեջքը ուղղելուն ուղղված գործողություններն իրականացնում է պատշաճ, դրա համար էլ մենք առայժմ այդ բնույթի հարցեր չենք ունենում։ Բայց նրան շատ այլ հարցեր ունենում ենք և նրա հետ անմիջական կապի մեջ ենք։ Կլինի Սուրեն Պապիկյանը, թե քաղաքական թիմի որևէ անդամ։ Դա նշանակություն չունի։ Եթե ՊՆ նախարարն իր լիազորությունները, իր առջև դրված խնդիրները չլուծեր այնպես, ինչպես պատկերացնում էինք, այդ նախարարը չէր լինի, որովհետև իր՝ նախարար լինելը պայմանավորված չէ նրանով, որ ինքը Սուրեն Պապիկյանն է ու քաղաքական թիմի անդամ»։

Արմեն Խաչատրյանն ասաց, որ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառը նաև այն է, որ այդ զինվորները որոշ ժամանակ առաջ քաղաքացիներ են եղել, այդտեղ կա նաև դաստիարակության հարց, դպրոցի պատասխանատվություն․ «Այն, ինչ կա հասարակության մեջ, արտահայտվում է բանակում»։

Լրագրողները նշեցին, որ դա նաև բանակում վերահսկողության խնդիր է, պետք չէ միայն մեղքը բարդել ծնողի, դպրոցի վրա, Արմեն Խաչատրյանն արձագանքեց․ «Մի սպա, լեյտենանտ պատրաստելը տևում է հինգ տարի։ Այսօր Ռազմական ակադեմիան բերել ենք միջազգային չափանիշների։ Նախկինում գաղութի և զորամասի արանքում մի հաստատություն էր։ Եկել, ասում եք՝ ո՞ւր են մեր սպաները։ Մենք կունենանք լավ սպաներ։ Եթե գիտեք լավագույն կադրերի տեղ, մենք կհավաքագրենք»։

Հարցին՝ եթե դուք լինեք արդարադատության նախարար ինչպե՞ս եք պայքարելու ընտրովի արդարադատության դեմ, նա պատասխանեց․ «Արդարադատության համակարգում մի շարք խնդիրներ կան, և այնտեղ պետք է լուրջ միջոցառումներ ձեռնարկել։ Ունեմ իմ տեսլականը, հիմա չեմ ուզում բարձրաձայնել։ Ամեն ինչ անում ենք, որ դատավորները լինեն բարեվարք, օբյեկտիվ, ստուգվում է նրանց անցյալը, հետո նշանակվում։ Ինստիտուցիոնալ փոփոխություններ պետք է լինեն այդ համակարգում։ Մենք պետք է բարձրացնենք դատարանի հեղինակությունը ժողովրդի առաջ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031