«Հանցավորության աճի վրա իր ազդեցությունն ունենում է եւ չէր կարող չունենալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հարգելի եղբայրների տեղահանման եւ Հայաստանում բնակեցվելու հանգամանքը։ Ինչպես նաեւ վերջին շրջանում բավականին մեծ թվով արտասահմանից վերաբնակեցված եւ տուրիստական նպատակներով Հայաստանում բնակվող անձանց քանակն է աճել»,- Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով լսումների ժամանակ ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նա անդրադարձավ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի վերաբերյալ գործին։ «Նշվեց, որ քաղաքական նպատակահարմարություն է եղել այդ գործով։ Այդ գործով եւ ընդհանրապես 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննվող ցանկացած քրեական վարույթով նախաքննական մարմինը եւ մնացած դատաիրավական համակարգի ներկայացուցիչները փորձել են հնարավորինս վերմարդկային օբյեկտիվություն ցուցաբերել։ Այդ բոլոր գործերը շատ մանրամասնորեն ուշադրության կենտրոնում են եղել։ Եվ ՔԿ-ն մեկ կարեւոր սկզբունք է որդեգրել այդ տեսակի գործերը քննելիս՝ եթե կա ցանկացած փաստարկ պաշտպանության կողմից բերված, պետք է ստուգվի։ Եթե կա շատ մանր կասկած, պետք է ստուգվի։ Եվ ես ինձ կարող եմ թույլ տալ մարդկային եւ տղամարդկային հարաբերությունների մակարդակում այս հարցին պատասխանել, այդ թվում՝ նաեւ անձամբ Միքայել Արզումանյանի հետ ունեցած մեր զրույցների, քննարկումների եւ այս գործով ցանկացած տեսակի քննչական ու դատավարական գործողությունների վերաբերյալ»,- ասաց Քյարամյանը։
Արգիշտի Քյարամյանը հավելեց, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ գործերով շուրջ 600 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ գործեր են ուղարկվել դատարան։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ