Ինչպես ընդունված է թատերամշակութային աշխարհում` ծանոթանանք ներկայացման ազդագրին.
Ավքսենտի Ցագարելի
ԽԱՆՈՒՄ
Կարդացեք նաև
Պրեմիերա
Բեմադրությունը` Արմեն Բայանդուրյանի
Նկարչական ձևավորումը`Աննա Սոփրոմաձեի
Կոլաժը` Մայիս Մխիթարյանի
Երաժշտական ձևավորումը`Նարեկ Բայանդուրյանի
Պարերը` Նինա Կերվալիշվիլու, Շոթա Գեգիաձեի
Ներկայացման գեղարվեստական ղեկավար` Ռոբերտ Ստուրուա
Թատրոնի գեղարվեստական ղեկավար` Արմեն Բայանդուրյան
Գործող անձինք և դերակատարներ.
Խանում` Նանո Պողոսյան, Մարիամ Խաչոյան
Քաբատո` Քրիստինա Միրզոյան, Մարտա Օթարովա
Կնյազ` Արթուր Գասպարյան
Տիմոթե` Աշոտ Սիմոնյան, Արթուր Գրիգորյան
Հակոբ` Էդուարդ Մուրադյան
Թեկլե` Լիանա Օգանեզովա, Նաիրա Խաչատուրյան
Սոնա` Գլորիա Գևորգյան, Մարիաննա Սահակյան
Կոտե` Արամ Միքաելյան
Դեդիդա` Հայկուշ Շահբազյան
Միկիչ` Գեորգի Թերժանյան
Պարերում և մասսայական տեսարաններում ներգրավված է թատրոնի արտիստական կազմը
Երկու օր շարունակ Երևանում կայացավ թատերական մեծ տոն: Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնում հյուրախաղերով հանդես էր գալիս Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը` Ա. Ցագարելիի դեռևս 1882 թվականին գրված «Խանում(ա)» հայտնի կատակերգության սքանչելի բեմադրությամբ:
Առաջ անցնելով հայտնենք, որ տոնը կրկնակի էր, գուցեև քառակի էր, քանի որ ամենաներդաշնակ համադրությամբ իրար հետ համագործակցում էին Հայաստանի և Վրաստանի կառավարությունները, հայ և վրացի բազմամշակութային գործընկերները և, իհարկե, ավելի շքեղ երևույթ դարձավ ներկայացման գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Ստուրուայի և բեմադրող ռեժիսոր և թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի բոլոր ոլորտների համար օրինակելի իրարահարգ ու ներդաշնակ ջերմ համագործակցությունը:
Իրականում պետք էլ չի իմանալ, թե փորձերի ընթացքում ինչն ինչպես է եղել, քանի որ ամեն ինչ երևում էր բեմում, հենց ներկայացման ընթացքում: Այդ տեսակ բարձրակարգ մշակութային տոն, ինչպիսին Թբիլիսիի հայկական թատրոնի «Խանում» ներկայացումն է, հնարավոր է ստանալ միայն կատարյալ ու անթերի համագործակցության արդյունքում, ինչը երևում էր ներկայացման ամեն հատվածում` անսովոր սկզբից սկսած անընդհատ զարգացող ընթացքով և ցանկալի վերջնակետը հասնող տեսարանների շքերթով:
«Խանում» ներկայացումը դարձավ մշակութային երևույթ, ոչ միայն հայ իրականության համար, այլ այն հստակ տեսանելի գագաթ դարձավ բազմադարյա հայ-վրացական մշակութային հարաբերություների պատմության մեջ` իր նմուշօրինակ տեղը գրավելով աշխարհում հազվադեպ հանդիպող պատմամշակութային սերտ հարաբերություններում:
Եթե նկատի առնենք նաև այն հանգամանքը, որ շուտով նախատեսվում է ավարտել իր տեսակի և լուծման մեջ բացառիկ` Թբիլիսիի հայկական թատրոնի նոր շենքի հիմնակառուցման աշխատանքները և «Խանում» ներկայացումն էլ կդառնա նոր հիմնովին վերակառուցված շենքում արժանիորեն խաղացվող առաջին ներկայացումը, ոչ միայն որպես փայլուն ներկայացում, այլ նաև որպես հայ-վրացական պետական մշակութային համագործակցության խորհրդանիշ:
Ինչ վերաբերում է զուտ ներկայացմանը, ապա Ստուրուա-Բայանդուրյան ռեժիսորական տեսական-մտավոր տանդեմը իր գործնական փայլուն դրսևորումը ստացավ հրաշալի և պրոֆեսիոնալ մեծ պատրաստվածություն ապահովող արտիստական թատերակազմում, ովքեր մի նոր կյանք ու շունչ են հաղորդել ռեժիսորական ինքնատիպ, ոչ հեշտ, նույնիսկ շատ դժվարին պահանջներին:
Դասական և ժամանակակից թատրոնի համաշխարհային չափանիշերով ամենաբարձր վարկ ունեցող ռեժիսոր Ռոբերտ Ստուրուային հայ հանդիսատեսը քաջ ծանոթ է և շատ սիրում նրա անզուգահեռ գործունեությունը իր բոլոր դրսևորումներով` լինի ստեղծագործական, թե քաղաքական, և մեծ ուրախությամբ էր դիտում «ավագ» ու «կրտսեր» մասնագետների համագործակցության պտուղները «Խանում» ներկայացման մեջ, որտեղ ռեժիսորական մտքի համադաշնությունը կատարողական բարձր որակի է հասնում ոչ միայն բոլոր արտիստների և կատարողական որակներում, այլ իր բարձրակետին է հասնում Հակոբի դերակատար Էդուարդ Մուրադյանի ուղղակի վիրտուոզ արտիստական «ստուրուական» կատարման մեջ, որտեղ զուգակցվում են կերպարի գրոտեսկային արտահայտչականությունը, կերպարային օրգանականությունը, երաժշտականությունը, պարային կրակոտ ու վարակիչ հրաբխականությունը, որի ամեն մի շարժին ու շարժմանը ծափերով ակտիվորեն մասնակցում է իր տեղում հազիվ նստող հանդիսականը:
Իսկական ստուրուական ներկայացում` բայանդուրյանական հայկական փայլուն կատարմամբ: Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի ընդհանուր գործունեությունը Արմեն Բայանդուրյանի ղեկավարությամբ, հրաշալի արտիստական կազմի մասնակցությամբ, հայ և վրացի բարձրակարգ գործընկերների համամասնակցությամբ, այնպիսին ինչպիսին հայ և վրացի տաղանադավորագույն նկարիչներ Մայիս Մխիթարյանի և Աննա Սոփրոմաձեի համագործակցությունն է, երաժիշտ Նարեկ Բայանդուրյանի և պարուսույցներ Նինա Կերվալիշվիլու, Շոթա Գեգիաձեի համատեղ աշխատանքը, այս ներկայացումը դարձնում է միջպետական մշակութային համագործակցության չափանիշային և միաժամանակ օրինակ հանդիսացող արժեք ոչ միայն հայ-վրացական, այլև հայ-միջազգային բոլոր մշակութային շերտերի համար:
Ի դեպ, Թբիլիսիի հայկական թատրոնը Հայաստանից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնն է ամբողջ աշխարհում:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ