«Տարիներն անցնում են, բանակում զոհերի թիվն ավելանում է, բայց ընդամենը շատ քիչ տոկոսով ունենք բացահայտում։ Սա, կարծում եմ, պատճառներից մեկն է, որ բանակում շարունակում է այս վիճակը լինել։ Ինչո՞վ եք պայմանավորում այն հանգամանքը, որ նման քիչ տոկոսով բացահայտումներ ունենք»,- Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով լսումների ժամանակ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«2023 թվականի ընթացքում Զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասում մենք ունենք արձանագրված հանցագործության 2358 դեպք, դրան նախորդող տարին՝ 4570 էր։ Նվազում է արձանագրվել 48,4 տոկոսով։ Արձանագրված դեպքերից 803-ը եղել են պատահարներ, 1555-ը՝ հանցագործություններ։ Խաղաղ պայմաններում մահերի դեպքերի հետ կապված կցանկանայի նշել, որ 2023 թվականի ընթացքում ունենք զինծառայողների մահվան 22 դեպք, որից 15 զինծառայողի մահը Ազատի զորամասի հրդեհի դեպքն էր։
Ես ուզում եմ հասկանալ, թե ինչ վիճակագրության վրա եք դուք հենվում, որ ասում եք՝ ահռելի թվեր են։ 2024 հունվարից մինչ օրս զինվորական ծառայության հետ կապված մահերի թիվը 26-ն է, որից 6-ը սպանություն է, 4-ը՝ հակառակորդի կողմից սպանություն, 4-ը՝ ավտովթար, ինքնասպանություն եւ ինքնասպանության հասցնելու 5 դեպք ունենք, մարտական ավտոմեքենա վարելու կանոնները խախտելու մեկ դեպք ունենք, թռչող սարքերի շահագործման կանոնները խախտելու 2 դեպք ունենք, դժբախտ պատահարի՝ 1 դեպք եւ հիվանդության՝ 3 դեպք»,- ասաց գլխավոր դատախազությունը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ