ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Սրբազան շարժման» անդամ Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում կրկին անդրադարձավ գործող իշխանության արտաքին եւ ներքին կառավարման որակին։
«Այս իշխանությունները քննադատության պատրաստ չեն, որովհետեւ իրենք էլ գիտեն, որ բերել-հասցրել են անդառնալիության կետի, որից այն կողմ հնարավոր էլ չէ պատկերացնել, թե ինչքան վատ կարող է լինել։ Դա համատարած վերաբերում է բոլոր բնագավառներին՝ սկսած անվտանգությունից, վերջացրած սպորտով, մեր հավաքականի խայտառակ խաղով։ Վերջինը ֆուտբոլի ֆեդերացիայի վատ աշխատանքի արդյունք է եւ գալիս է նրանից, որ «պոլի փետ լինի, բայց մեր մարդը լինի» սկզբունքը գործում է այս իշխանության օրոք։ Ասենք, ով՝ քանի կիլոմետր է Նիկոլ Փաշինյանի հետ քայլել, ըստ այդմ բաշխվեցին պաշտոնները, եւ իշխանության կարեւորագույն օղակներում հայտնվեցին մարդիկ, որոնք իրենց ամենավառ երազանքներում դա չէին տեսնի։ Օրինակ, ասում են, որ նրանցից մեկի գերնպատակը եղել է այն, որ կյանքում մեկ անգամ շանս ստանա, որպեսզի դառնա դպրոցի տնօրեն, իսկ այսօր կարեւորագույն ոլորտ է ղեկավարում։
Այսօր այս մարդիկ առանց ամոթի զգացման պարում են, երգում են, քեֆ են անում, չգիտեմ ինչեր են դիզում ու նրանց ցնծության այդ նույն պահին զինվորի նոր մահ է արձանագրվում եւ նրանց համար մնում է աննկատ։
Հիշում եմ մի նախկին պաշտոնյայի խոսքերը, որ ասում էր, թե 2018 թվականին, երբ այդ դեպքերը տեղի ունեցան, կառավարության շենքում մարիխուանայի ինչպիսի հոտ էր տարածված։ Եվ եթե ըստ օդում կախված լուրերի եւ հավաստի աղբյուրների, որ ասում են, թե շատ ու շատ իշխանավորներ թմրանյութ են օգտագործում, պատահական չէ նաեւ այս իրավիճակը, որում հայտնվել ենք։ Պարեկին բռնում են թմրանյութ օգտագործելուց, գողություն անելուց, մեքենա գողանալուց, տները մտնել-թալանելուց ու ոչ մի իրավական հետեւանք։ Եվ մարդիկ արդեն անվստահություն ունեն այդ օղակների նկատմամբ։
Կարդացեք նաև
Ես դեպքեր գիտեմ, որ մարդկանց մեքենաները թալանվել են ու նրանք չեն դիմում ոստիկանություն։ Արդեն եկել, հասել ենք մի իրավիճակի, որ գողերը, ավազակները, հանցագործները, թմրամոլները անկաշկանդ են գործում։
Բերետավորների միակ ձգտումն այն է, որ միտինգ լինի, ժողովրդի հայրենասեր հատվածին ծեծեն, ջարդեն։ Ասում են՝ ամեն ծեծուջարդից հետո իրենց պրեմիաներ են գալիս։
Հնչեցվող թվերը ընդդիմության թվերը չեն, դրանք իրենց ներկայացրած թվերն են։ Ու այս ձախողումների համար ո՞վ է պատասխան տալիս, կա՞ պատասխանատվության կրող, ո՞վ է այդ պատասխանատվությունը կրողը։
Հիմա էլ գնացել, ցեխերի մեջ են հեծանիվ քշում: ԱԳ նախարարն ասում է COP 29-ից հետո պատերազմ է սկսվելու, ՔՊ-ական մի պատգամավոր ասում է աթար վառեք, ԱԽ քարտուղարն էլ ասում է՝ բրնձի սովորեք։
Ես զարմանում եմ մեր հայրենակիցների վրա։ Էլ ի՞նչ պիտի ասեն այս մարդիկ։ Ինձ մեկ-մեկ թվում է, որ իրենք ամեն ինչ անում են, որ մարդիկ խելքները գլուխը հավաքեն։ Սրանք այդ ուղղությամբ ամեն օր քրտնաջան աշխատում են, որ մարդկանց աչքերը բացվեն»,-ասաց Գառնիկ Դանիելյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ