Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի կամքով՝ 2 տարի 45 օր է՝ Միքայել Արզումանյանը կալանքի տակ է, այս տեմպերով դատաքննությունը շարունակվելու է 13 տարի»․ Գեղամ Մանուկյան

Հոկտեմբեր 15,2024 14:43

«Տիկին Վարդապետյան, խոսեցիք դատավարությունների ողջամիտ ժամկետների մասին։ Այսօր արդեն լրանում է 2 տարի 45 օր, ինչ կալանքի տակ է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը։ Դանդաղ ընթացող դատաքննության ընթացքում խափանման միջոցի միջնորդություններին պետական մեղադրողը պատասխանում է, որ վկաների հարցաքննությունն ավարտելուց հետո կարելի է անդրադառնալ խափանման միջոցի փոփոխությանը։ Դեռ մոտավորապես 160 վկա կա, այս տեմպերով եթե գնա, դատաքննությունը շարունակվելու է 13 տարի։ Դեռ բարոյական կողմին չեմ անդրադառնում՝ Արցախի Հանրապետության ՊԲ այն հրամանատարը, որն ամենաճակատագրական ու դժվար պահին համաձայնեց ստանձնել այդ պարտականությունը։ Որպես գլխավոր դատախազ եմ հարցնում՝ որքանո՞վ է իրավաբանորեն եւ բարոյապես նորմալ Հայաստանի Զինված ուժերում ծառայության անցած, 16 տարեկանից Արցախյան ազատամարտին մասնակցած, բարձր պաշտոններ զբաղեցրած, ճակատագրական պահին պատասխանատվություն ստանձնած զինվորականին, իմ համոզմամբ, քաղաքական նպատակով, լոկ Նիկոլ Փաշինյանի կամքով 2 տարի 45 օր եւ դեռ չգիտեմ ինչքան պահել անազատության մեջ»,- Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով լսումների ժամանակ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Աննա Վարդապետյանն ասաց․ «Մեր դիրքորոշումը մեղադրանքի վերաբերյալ արձանագրված է մեղադրական եզրակացության մեջ, ձեր դիրքորոշումը քաղաքական է, մենք քաղաքական զսպվածություն ունենք։ Ձեր գնահատականները փաստաբանական կողմի մեկնաբանություններն են, մենք մեղադրանք ենք ներկայացրել դատարան եւ մեղադրանք ենք պաշտպանում դատարանում։ ԱԺ ամբիոնը դատական նիստերի դահլիճ չէ, որպեսզի ես հիմա որպես մեղադրող ներկայացնեմ Արեգասարի դրվագը կամ մյուս դրվագները, որոնք ամրագրված են մեղադրական եզրակացության մեջ։ Ինչ վերաբերում է խափանման միջոցին, այո, քանի դեռ վկաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու թեկուզ աննշան վտանգ լինի, դատախազությունը յուրաքանչյուր մեղադրողի դեպքում դեմ է լինելու խափանման միջոցի փոփոխությանը, որովհետեւ դա վտանգում է գործի վարույթը»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031