«Ինտենսիվ աշխատանքներ են գնում, ունենք շինթույլտվություն, ունենք ժամկետ և մյուս տարի ամռանը` դեռ ավելի շուտ, կարող ենք ավարտել, որովհետև գրեթե ավարտված են աշխատանքները։ Եթե խոչընդոտներ չլինեն, հաստատ ու հաստատ կավարտվեն աշխատանքները մյուս տարի ամռանը»,- Արամի 3 հասցեում «Սոգլասիե Արմենիա» ընկերության ճանաչողական շրջայցի և բրիֆինգի ընթացքում՝ նվիրված «Մանկական աշխարհ» հանրախանութի վերակառուցման աշխատանքներին, վստահեցրեց «Սոգլասիե Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ավետ Ադոնցը։
Նա հիշեցրեց՝ շատ խոսակցություններ եղան, թե չի կառուցվել կենտրոնը, ձախողում են շինաշխատանքները ու ասաց․ «Կարող եմ պատասխանատու հայտարարել, որ այս բազմաֆունկցիոնալ կենտրոնը, որը ներառելու է թե′ առևտրի, թե′ ժամանցի տարածքներ, թե′ բիզնես սեգմենտ, գրեթե պատրաստ է։ Տեղադրված են բոլոր էսկալատորները, վերելակները, ավարտված են հակահրդեհային աշխատանքները։ Եթե չլինեն խոչընդոտներ, որոնց առերեսվում ենք գրեթե ամեն շաբաթ, ապա մեր երևանցիների և Երևանի հյուրերի ամենասիրելի վայրերից մեկը կվերաբացվի մինչև մյուս տարի ամառ»։
Հարցին՝ ի՞նչ խոչընդոտների մասին է խոսքը, Ավետ Ադոնցը պատասխանեց․ «Շինարարական, ճարտարապետական աշխատանքները կապված են բավականին ծավալուն գոտիների հետ, ցանկացած փոփոխություն նախատեսում են ստանալ թույլտվություններ պատկան ատյաններից։ Շինթույլտվությունը տրվում է ինչ-որ ժամկետով, նոր կանոններով շինթույլտվություն ստանալը բավականին թանկ հաճույք է․ խոսքը 10,20, 30 միլիոնի մասին չէ՝ անգամներ ավել, այդ փոփոխություններն էլ պետք է հաստատվեն։ Այսօրվա դրությամբ մեր առևտրական կենտրոնն ավարտական տեսքի բերելու և ավարտական ակտը ստանալու համար մեր ամենամեծ խնդիրը փոփոխությունների հաստատումն է։ Կան այլ քաշքշուկներ, որոնց մենք կանդրադառնանք ավելի ուշ»։
Լրագրողները հիշեցրին՝ 20 տարուց ավելի է շենքը պատկանում է Արա Աբրահամյանին, բայց շինաշխատանքներ չեն կատարվում, ի՞նչն է պատճառը, Ավետ Ադոնցն արձագանքեց․ «Ինչպես տեսնում եք, աշխատանքներն ավարտական փուլում են։ Օբյեկտիվ պատճառներ կան, որ մինչև այժմ չեն ավարտվել։ Դրանցից մեկը նորից ու նորից բյուրոկրատական քաշքշուկներն են։ Այս ծրագիրը ներդրումային ծրագրի արդյունք է, ծրագրի ներդրումները մեկ, երկու կամ տասը, քսան միլիոն դոլարի մասին չեն, բավականին մեծ ներդրումներ են տեղի ունենում մինչև հիմա»։
Կարդացեք նաև
Հարցին՝ խոչընդոտները, անհամաձայնությունները պայմանավորվա՞ծ չեն արդյոք սեփականատիրոջ հետ, Ավետ Ադոնցը պատասխանեց․ «Անհամաձայնությունները կապված չեն և կապված են սեփականատիրոջ հետ։ Սուբյեկտիվ հարթության մեջ կարող եմ ասել՝ միգուցե կապված են, քանի որ պարոն Աբրահամյանը մի փոքր այլ քաղաքական հայացքներ ունի, բայց հիմա որևէ նպատակ չունեմ քաղաքականացնել այս հարցը։ Հիմնականում այդ դժվարությունները կապված են պետական, քաղաքաշինական կառավարման ցածր մակարդակի հետ»։
Շրջայցի ընթացքում Ավետ Ադոնցը նաև ցույց տվեց այն տարածքը՝ 330 քառակուսի մետրը, որը խնդրահարույց է։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-ին, ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցները, մի խումբ կարմիր բերետավորների հետ, աջակցել են այլ ֆիզիկական անձանց ՝ ներխուժել ընկերությանը պատկանող տարածք: Պատճառն այն է, որ ոստիկանության աշխատակիցները, առանց սերվիտուտի պատշաճ իրավունքի, փորձել են ապահովել այլ սեփականատիրոջ իրավունքը՝ Արամի փողոցում շինաշխատանքներ կատարելու համար: Ավելին՝ ոստիկանների կողմից վարչական ձերբակալման են ենթարկվել «Սոգլասիե Արմենիա» ընկերության աշխատակիցները, ովքեր փորձել են թույլ չտալ իրենց ընկերության սեփականություն հանդիսացող, գույքի ոչնչացման վտանգով պայմանավորված, տարածք ապօրինի ներխուժած շինարարական տեխնիկայի գործողությունները:
Ընկերությունից տեղեկացնում են, որ մյուս ֆիզիկական անձանց պատկանող տարածքի երեք կողմերը, ըստ ՀՀ Կադաստրի կոմիտեի տրված պետական վկայականի, պատկանում են «Սոգլասիե Արմենիա» ընկերությանը, իսկ չորրորդ կողմը մոտ 80 սմ լայնություն ունի, որտեղով շինարարական տեխնիկայի մուտքը հնարավոր չէ: Բացի այդ, խնդրահարույց տարածքով անցնում են քաղաքի համար կարևոր նշանակության կոմունիկացիաներ, ինչպես նաև գազատար խողովակ։ Կան բազմաթիվ քրեական և վարչական վարույթներ, ինչպես նաև «Սոգլասիե Արմենիա» ընկերությունը գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ։
Ավետ Ադոնցն ասաց, որ իրենք բազմիցս դիմել են այդ 330 քառակուսի մետր տարածքին հարակից իրենց պատկանող տարածքում հյուրանոց կառուցելու համար «ԱՊԶ» ստանալու համար, բայց անընդհատ մերժում են ստացել, մինչդեռ այս 330 քառակուսի մետրի վրա 7 հարկանի հյուրանոց կառուցելու թույլատվությունը միանգամից ստացվել է։
Ցույց տալով այդ խնդրահարույց 330 քառակուսի մետր տարածքը՝ Ավետ Ադոնցն ասաց․ «Այդ տարածքը տարիներ շարունակ եղել է «Սոգլասիե Արմենիա»-ի սեփականություն, 2018-ին կառավարության որոշմամբ անվավեր ճանաչվեց այն որոշումը, որի համաձայն՝ այս տարածքը վաճառվել է մեզ և տրվեց նոր սեփականատիրոջը։ Այս տարածքի հետևից, կողքից և Արամի վրայի դիմացից հողամասերն էլի պատկանում են մեր ընկերությանը։ Մասնագիտական լեզվով ասած՝ այս տարածքը չունի մուտք՝ սերվիտուտ։ Ապահովված չլինելով մուտքով՝ ինչպե՞ս են տալիս շինթույլտվություն։ Դա պետք է լիներ կամ այլ հողատարածքների սեփականատերերի հետ բանակցությունների արդյունքում, կամ դիմում են դատական ատյաններ։ Առանց այդ գործընթացն անցնելու՝ տրվել է շինթույլտվություն, ինքը ներխուժում է իր 330 մետր տարածքը բռնի և ուժային ձևով։ Չեք պատկերացնի՝ մոտ 40 կարմիր բերետավորներ եկել էին, չորս հոգի մեր գործընկերներից բերման ենթարկեցին, աջից, ձախից փակել էին, իրենց էքսկավատորը մտավ, վնասեց մեր սեփականությունը, և ոստիկանությունն աջակցեց անօրինական գործողություններին։ Մեր տարածքով մտան իրենց տարածք, էլ չեմ ասում, որ երբ սա մեր տարածքն էր, մեր կոմունիկացիաներն անցնում էին այդ տարածքով, ընդ որում, ոչ թե դա իրականացվում է մեր հայեցողությամբ, այլ քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծի հիման վրա։ Այդ մարդը մտել է ու ասում է, որ իմ տարածքով օտար ծագում ունեցող խողովակները չպետք է անցնեն ու քանդել է»։
Ավետ Ադոնցը, նշելով, թե ինչ խոշոր ծավալի ներդրումային ծրագիր է, որը հազարավոր աշխատատեղեր է ապահովելու, ասաց․ «Ցավոք, մենք հանդիպում ենք շատ ցածրորակ արձագանքի ուժային մեթոդներով՝ ռազմական կոնտինգենտի ներկայությամբ և աջակցությամբ, որով պաշտպանում են անօրինական գործողությունները»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ