«2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արձանագրվել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործության 75 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճը կազմել է 36,4 տոկոս։ Հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների մաքսանենգության 266 դեպք, նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ՝ աճը կազմել է 86 տոկոս»,- Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով լսումների ժամանակ ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նա նշեց՝ թեեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների դեպքերի թիվն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 1946, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 33,8 տոկոսով նվազում է արձանագրել, սակայն այս հանցագործությունների լատենտային բնույթը եւ տարիներ շարունակ բացասական առումով կայուն աճի միտումը շարունակում են մնալ անհանգստացնող։
«Քրեական վարույթների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ իրացվող թմրամիջոցների դիմաց վճարումները եւ վճարված թվային արժույթի հետագա տնօրինումն իրականացվում են կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող ՀՀ տարածքում գործող անձանց միջոցով։ Գլխավոր դատախազության կողմից ՆԳ նախարարին հասցեագրված գրությամբ առաջարկվել է խստացնել տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ քրեաիրավական պայքարի գործիքակազմը»,- ասաց Աննա Վարդապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ