Լրահոս
Օրվա լրահոսը

Տարվա ընթացքում ավելի քան 57 անգամ ավել ցորեն է օգտագործվել, քան բրինձ: Ինչպե՞ս է Արմեն Գրիգորյանը պատկերացնում փոխարինումը. Արթուր Խաչատրյան

Հոկտեմբեր 15,2024 14:18

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Եվ դարձյալ ցորենի ու բրնձի մասին…

Ես ֆանտասմագորիկ ժանրի հայտարարությունները սովորաբար չեմ մեկնաբանում, բայց այն ինչ մի քանի օր առաջ ասաց Հայաստանի ԱԽՔ-ը, անտեսել չի կարելի: Առաջարկում է ցորենից անցնել բրնձի: Ավելի «խելոք» բան մեկ էլ Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետան էր բրնձել: Երբ իրեն ասել էին, որ ժողովուրդը հաց չունի, նորին մեծությունը խորհուրդ էր տվել. “Qu’ils mangent de la brioche” (թող թխվածք ուտեն): Ինչպես հայտնի է, ֆրանսիացիք կտրեցին այն գլուխը, որտեղ նման միտք էր ծնվել:

Եկենք նայենք 2023 թվականի Հայաստանի Հանրապետության պարենային հաշվեկշռին: Հայաստանում անցյալ տարի արտադրվել է 180.000 տոննա հացահատիկ, ներմուծվել է 465.000 տոննա` 2,5 անգամ ավելի: Սննդում օգտագործվել է 386.000 տոննա, անասուններին բաժին է հասել 117.000 տոննա: Ոչ մի հատիկ բրինձ Հայաստանում չի աճեցվել, ներմուծվել է 10.000 տոննա: Տարվա ընթացքում ավելի քան 57 անգամ (!!!) ավել ցորեն է օգտագործվել, քան բրինձ: Ինչպե՞ս է Արմեն Գրիգորյանը պատկերացնում փոխարինումը: Հասկանո՞ւմ է, որ ինքն առաջարկում է փոխել հազարամյակների ընթացքում ձևավորված սննդակարգը: Էդ իրենք են երևի փայտիկներով Պեկինյան բադ ուտում, մի քիչ էլ բրինձ, որ ցույց տան, որ «պռադվինուտի» կոսմոպոլիտ են: Հայերս հաց ենք ուտում: Հպարտ Հայաստանում տասնյակ հազարավոր ընտանիքներ կան, ում համար հացն է հիմնական ուտելիքը: Մարդիկ ոչ թե Պեկինյան բադի, այլ անհայտ ծագման սառեցրած հավի բդին են կարոտ: Գոնե գիտի, թե բրինձը ցորենից  որքան է թանկ, ի՞նչ լրացուցիչ ֆինանսական բեռ է դնում ոչ բարենպաստ պայմաններում ապրող մեր հայրենակիցների վրա:  Չգիտի: Ինքը կուշտ է…

Հայաստանը 30%-ից էլ քիչ է ցորենով ինքնաբավ: Ավելի պարզ, երեք մատնաքաշից երկուսը թխվել է ներմուծված (բացարձակ մեծամասնությունը` Ռուսաստանից) հացահատկից: Եթե Հայաստանի իշխանություններն ուզում են նվազեցնել ներմուծումներից կախվածությունը, պետք է բարձրացնեն ցորենի ինքնաբավության աստիճանը: Հայաստանի վարելահողերի կեսը չի մշակվում: Ելնելով բնակլիմայական պայմաններից  ու ոռոգման համակարգի առկայությունից, այդ հողերի զգալի մասի վրա հիմնականում հացահատիկ կարող է աճել: Օգնեք գյուղացիներին, որ չմշակվող հողերը մշակեն, հաց ցանեն: Քավ լիցի, չեմ ասում բարձրարժեք մշակաբույսերի փոխարեն ցորեն ու գարի ցանեք: Խոսում եմ չմշակվող հողերի մասին, խոսում եմ երկրի պարենային անվտանգության մասին: Բայց դե, սրանց համար կարևորն օրիգինալ երևալն է: Ջահնամ, թե ծաղրի առարկա չեն դարձել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031