«27 տարի առաջ, երբ հիմնադրվեց մեր կենտրոնը, օրական 2-3 մարդ էինք ունենում, որովհետեւ մարդիկ չէին պատկերացնում, թե ինչքան կարեւոր է կանխարգելումը քաղցկեղի դեմ պայքարի գործում: Ժամանակի ընթացքում, քարոզչական մեծ աշխատանքի արդյունքում, մեր հասարակությունը ավելի գրագետ եւ տեղեկացված դարձավ այս հարցի մասին:
Այժմ մարդիկ գիտեն, համոզվել են, որ պետք է հաճախ այցելեն բժշկի, հաճախ հետազոտվեն: Տարեկան մեկ անգամ պարտադիր է մամոգրաֆիկ զննությունը 40-ից բարձր տարիքի կանանց համար, իսկ մինչեւ 40 տարեկանների դեպքում՝ սոնոգրաֆիկ զննությունը»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
«Այսօր միջինում ունենք կրծքագեղձի քաղցկեղի տարեկան 1100-1400 առաջնային հայտնաբերված դեպք: Մենք հետ չենք մնում այս իմաստով մյուս երկրներից: Անկախ նրանից՝ որտեղ է հայտնաբերվում կրծքագեղձի քաղցկեղը, այն առաջատարն է կանանց մոտ եւ առհասարակ քաղցկեղային հիվանդությունների շարքում: Մեր բուժհասարակության հաջողությունը ոչ թե այս թվերի մեջ է, այլ 4-րդ փուլում հայտնաբերված քաղցկեղի վիճակագրության մեջ:
4-րդ փուլում հայտնաբերված քաղցկեղը անբուժելի է համարվում, վիրահատություն չենք կարող անել, կինը մինչեւ կյանքի վերջ ստանում է դեղորայքային բուժում: Եվ եթե 6-7 տարի առաջ 4-րդ փուլում հայտնաբերվում էին մոտ 30 տոկոս դեպքերը, այսօր այդ թիվը հասնում է 10-12 տոկոսի: Սա մեր մեծ հաջողությունն է: Հատկապես կանանց շրջանում իրազեկվածության մակարդակը բարձրացել է, սկսել են ավելի հաճախ դիմել, որի շնորհիվ մենք քաղցկեղը հայտնաբերում ենք նաեւ ոչ թե 4-րդ փուլում, այլ ավելի վաղ:
Կարդացեք նաև
Ինչ խոսք, շատացել են նաեւ մամոգրաֆիկ կենտրոնները, նորագույն սարքավորումները, որոնք հնարավորություն են տալիս նույնիսկ հայտնաբերելու քաղցկեղը ոչ միայն առաջին, ամենափոքր փուլում, այլեւ նախաքաղցկեղային վիճակում»,-նշեց կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբույժ, «Breast Care» նախագծի ղեկավար Ներսես Բերբերյանը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ