Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով լսումների ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հարց ուղղեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքի վերաբերյալ։
«Օրենքի ընդունման պահին սույն օրենքի իմաստով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ օրենքով գող կամ քրեական հեղինակություն քանի՞ անձ է եղել ՀՀ-ում, նրանցից քանի՞սն են եղել քրեական հեղինակություններ, քանի՞սը՝ օրենքով գողեր։ Օրենքով գողերին նշեք ըստ անուն ազգանունների, հանրությանը հայտնի մականունների։ Օրենքի ընդունումից հետո նրանցից քանի՞սն են լքել երկիրը եւ քանիսի՞ նկատմամբ է նախաձեռնվել քրեական վարույթ, քանի՞սն են կալանավորվել, քանիսի՞ն չի հաջողվել հայտնաբերվել։ Օրենքի ընդունումից հետո քանի՞ օրենքով գող է մուտք գործել ՀՀ, քանի՞սն են լքել երկիրը, նշեք նրանց անունները»,- ասաց Հայկ Սարգսյանը։
Նա նշեց, որ հանրության շրջանում կան մտահոգություններ, որ այս օրենքը կիրառվում է ընտրանքային կամ ոչ բոլորի նկատմամբ, ինչը նաեւ կարող է կոռուպցիոն ռիսկերի հանգեցնել։
Վահե Ղազարյանն ի պատասխան ասաց․ «Ես չեմ ուզում այս ամբիոնից նրանց մասին այսքան երկար թվարկեմ, նրանց համար ճոխ կլինի, եթե այս ամբիոնից ես իրենց մասին բարձրաձայնեմ։ Ես միայն ու միայն ձեզ կարող եմ վստահեցնել, որ չի կարող որեւէ հովանավորչություն լինել՝ օրենքով գող կամ ենթամշակույթ, դա բացառվում է։ Այսօր բոլորը գտնվում են իրավապահ կառույցների ուշադրության կենտրոնում»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ