«Արդյոք նորմա՞լ եք համարում, որ ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության կոռուպցիայի բաժնի պետը մի անձ է, ով ատեստացիայի սահմաններում չկարողացավ ասել, թե ինչ է ապօրինի հարստացումը, ով չգիտեր, թե որ իրավական ակտում են թվարկված կոռուպցիոն հանցագործությունները եւ ով իր բավականին հարուստ ունեցվածքի ծագումնաբանությունը վերագրեց նրան, որ ընկերներն են նվիրել»,- Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով լսումների ժամանակ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին հարցրեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
ՆԳ նախարարն արձագանքեց․ «Ինչ վերաբերում է ատեստացիային, ինձ թվում է՝ դուք եք այնտեղ գտնվում, մենք ոչ մի անգամ այնտեղ չենք հանդիպել, որովհետեւ ես այնտեղ չեմ գնացել։ Ինչ վերաբերում է իմ ներքին անվտանգության եւ կոռուպցիայի կանխարգելման վարչության պետին, ես պարոն Մարտիրոսյանին ճանաչում եմ շատ շուտվանից»։ Դանիել Իոաննիսյանն ուղղեց, որ խոսքը ոչ թե վարչության պետի մասին է, այլ այդ վարչության կոռուպցիայի կանխարգելման բաժնի պետի։
«Ես գիտեմ, որ ձեր բարձրացրած հարցերի հետ կապված ընդհուպ կա նախաձեռնված քրեական վարույթ, եթե չեմ սխալվում, Կումայրիի բաժնի պետի հետ կապված։ Այսինքն՝ ձեր բոլոր բարձրացրած հարցերը ինձ պարբերաբար զեկուցել են, եւ մենք համապատասխան ընթացք ենք տվել»,- արձագանքեց ՆԳ նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ