Երեւանի ավագանու այսօր կայացած նիստում միաձայն որոշվեց 87 երեւանցիների գույքահարկի արտոնություն տալ։ Արտոնությունից օգտվող քաղաքացիներն են Արցախի եւ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամները, Արցախի եւ ՀՀ պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամները, որոնք անշարժ գույքի հարկով և փոխադրամիջոցի գույքահարկով հարկման օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունը և (կամ) փոխադրամիջոցը ձեռք են բերել մինչև Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 690-Ն որոշումն ուժի մեջ մտնելը, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված (կամ նրանց ընտանիքի անդամներին) անձինք։
Խոսքը մոտ 4,5 միլիոն դրամի մասին է․ գումարը կփոխհատուցվի քաղաքային բյուջեից։
Հարցի քննարկումը վերածվեց քաղաքական բանավեճի։
Կարդացեք նաև
Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը խոսեց տրանսպորտային համակարգից ու հայտարարեց․ «Պարոնայք, սեպտեմբերից դուք մեր՝ մետրոյով երթեւեկողների կյանքը մղձավանջի եք վերածել»։ Նա նկատեց, որ կառավարման բացակայության արդյունքում է, որ Երեւանում անսպասելի անձրեւներ եւ ձյուն է տեղում ու «մարդիկ լողում են», անսպասելի Նոր տարի է գալիս եւ մեկ անձից գնումներ են կատարվում։ Նա հորդորեց՝ տրանսպորտի հարցին լուծում տալ, ոչ թե մտածել ինչ-որ ընկերության հավելվածը ներբեռնելու մասին։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր արտահերթ ելույթում համաձայնեց քննադատության մեկ կետի հետ՝ ավտոբուսներում վալիդատորների՝ վճարման համակարգերի քիչ լինելու հետ եւ հորդորեց հիշել իր կուսակից Հայկ Մարությանի կառավարման շրջանը, երբ ավտոբուսներում մեկ վճարային համակարգեր տեղադրվեցին, որպեսզի առաջին դռնից մարդիկ բարձրանան, վճարեն, մյուս դռներից իջնեն։ Նա խորհուրդ տվեց իր գործընկերոջը հարցնել՝ ինքը երբեւէ տրանսպորտ նստե՞լ է, գիտե՞, այդպես հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Սուրեն Գրիգորյանը նաեւ պնդեց, որ մետրոյում կուտակումների մասին խոսակցությունները ժամանակավրեպ են, հարցը կարգավորված է։
«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը խոսեց Երեւանում արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին՝ արժանանալով քաղաքապետ Տիգրան Ավինյանի դիտողությանը՝ «պատգամավորի հարգելի թեկնածուներ» եւ հորդորին՝ խոսել Երեւանի խնդիրներից, ոչ թե սեփական քաղաքական հավակնություններից։
Մանրամասները՝ տեսանյութում
«Ավտոբուսների GPS համակարգը, որի շուկայական արժեքը 80-100 հազար դրամ է, պատվավոր կոչումները բերած քաղաքապետարանի ադմինիստրացիան գնում է 145 հազար դրամով։ Ընդ որում, գնում են Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության համապատասխան պաշտոնյայի հետ փոխկապակցված անձից», – իր ելույթում հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ հավելելով, որ տրանսպորտից հավաքագրվող գումարների համադրումը ցույց է տալիս, որ կա 50 % ստվեր և ամեն օր 25-30 մլն դրամը մտնում է անհայտ մարդու գրպանը, իսկ Երևանի ներկայիս ադմինիստրացիան այդ հանցանքը պարտակում է․ «125 մլրդ դրամանոց բյուջեի պարագայում, ձեր փոխարեն չասեմ ախուրյանիցի Անոն, որը երևանցի չէ, բայց Աղազարյան Հովիկն էլ այստեղ նստած լիներ, որ կառավարությունը 2.5 մլրդ փող տար, այդ ասֆալտը կարվեր։ Հարց է առաջանում, թե 125 մլրդ բյուջեի պայմաններում ինչո՞ւ 2.5 մլրդ դրամ չկա ասֆալտապատման համար, որ մի հատ էլ կառավարությունը պետք է տա, մենք էլ ուրախանանք»։ Մանուկ Սուքիասյանը նաեւ նկատեց՝ Երեւանում ասֆալտապատման տեխհսկման համար կոպեկներ են տալիս, ինչի հետևանքով 2023-24 թվականների Երևանի շինհրապարակներում տեղի է ունեցել 56 դժբախտ պատահար, որից 22-ը՝ մահվան ելքով։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ