ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարցրեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին․ «Թմրանյութերի ապօրինի շրջանառության մասին մենք երկու-երեք տարի է՝ լսում ենք, որ տելեգրամ ալիքներով է փոխանցվում, ասում եք՝ չենք կարող բացահայտել այդ տելեգրամ ալիքների տերերին, թմրանյութը տեղադրողներին, վերցնողներին, հանցավորության սխեմաները դժվար է բացահայտել։ Բայց այս երկու-երեք տարիների ընթացքում մենք չենք տեսնում արմատական քայլեր ու փոփոխություններ՝ այդ ամենի դեմ պայքարելու համար։ Ինչո՞ւ է այս պատկերը, ի՞նչ եք պատրաստվում անել»։
Վահե Ղազարյանն ասաց, որ 47 ոստիկանության ծառայող է հեռացվել համակարգից՝ թմրամիջոց օգտագործելու պատճառով։
«Ինչ վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, իհարկե, բոլորիս համար դա մտահոգիչ է։ Բայց դա նաեւ ոստիկանության արդյունավետ աշխատանքի շնորհիվ է, պարեկային ծառայության կողմից հազարից ավելի թմրամիջոցի հայտնաբերումը դա արդեն մեծ ցուցանիշ է։ Մենք արդեն ունենք ձեւավորված համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին։ Եվ մենք անցած տարի բացահայտեցինք շատ հետաքրքիր հանցագործության դեպք, եթե չեմ սխալվում, մոտ 40 հոգու մեղադրանք է առաջադրված։ Մոտ ժամանակներս նույնպես կունենանք բացահայտումներ, հատկապես համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով»,- ասաց ՆԳ նախարարը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ