Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդն իր պատուհանից պետք է տեսնի 3 ծառ, 30 տոկոս կանաչ ծածկույթ, 300 մետր հեռավորության վրա պետք է ունենա առաջին կանաչ գոտին»

Հոկտեմբեր 15,2024 12:31

Երևանի համաճարակաբանական և բնապահպանական բնութագիրը. մեկդարյա պատմական էքսկուրս` արդի շեշտադրումներով

«Էրեբունի-Երևան 2806-ամյակը» չշրջանցեց նաև բժշկական մայր բուհը: Մայրաքաղաքի հերթական տարեդարձի առիթով անցկացվեց «Երևան քաղաքի համաճարակաբանական և բնապահպանական բնութագիրը: Հարյուրամյա պատմական էքսկուրս» թեմայով համաժողովը:

Անվճար հավաստագրված միջոցառման զեկուցողներն էին ԵՊԲՀ «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը և Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը:

Մեկնարկն ազդարարելով` համաժողովը նախաձեռնած պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանը նշեց.

«Այսօրվա միջոցառումը տարբերվում է: Խոսելու ենք ոչ միայն գիտական փաստերից, այլև մեր սիրելի քաղաքի պատմությունից: Միջոցառմանը պատրաստվել էինք ավելի վաղ, փորձել ենք անդրադառնալ մեր քաղաքի համաճարակաբանական և բնապահպանական առանձնահատկություններին: Պատրաստվելիս դժվարությունների ենք հանդիպել, որովհետև մեր քաղաքն ունի 2806 տարվա պատմություն, իսկ բժշկագիտական առումով պատմական տվյալներ գտնելը բավական բարդ էր: Զեկույցս նաև նվիրվելու է այն մարտահրավերներին, որոնք այսօր ծառացած են մեր քաղաքի համաճարակաբանական ծառայության առջև»:

Ներկայացնելով համաճարակաբանական իրավիճակը մի քանի դար առաջ մինչև մեր օրերը` բուհի վերլուծական ստորաբաժանման ղեկավարի փոխանցմամբ`

18-րդ դարում պրակտիկորեն չի եղել բժշկություն: Որոշ նվիրյալներ, որոնք ունեցել են բժշկագիտական գիտելիք անգամ տնային պայմաններում փորձել են մահացող մարդկանց բուժել:

«Գալով 19-րդ դար արդեն առաջին հիշատակումներն են արվում զինվորական հիվանդանոցի մասին, որտեղ ամեն տարի սպասարկել են 1,5 հազար զինվորականի: 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկբին արդեն ունենք Լևոն Տիգրանյան, որը փորձել է կանոնակարգել Երևանի առողջապահական համակարգը և նույնիսկ սկսել է թողարկվել «Առողջապահական թերթ» ամսագիրը: 1890թ. կառուցվել և շահագործվել է ձեզ ծանոթ շենքը՝ Երևանի առաջին հիվանդանոցը, որը հպարտությամբ կարող եմ ասել այսօր համարվում է համալսարանական հիվանդանոց: Այդ ժամանակ ունեցել է ընդամենը 12 մահճակալ՝ 7-ը տղամարդկանց, 5-ը՝ կանանց համար»,-մանրամասնեց «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավարը՝ շարունակելով, որ հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով 1922թ. Հայաստանում ստեղծվել են առաջին հիգիենիկ և հակահամաճարակային կազմակերպությունները, 1923թ. հիմնադրվել է Տրոպիկական ինստիտուտը, 1927-ին Երևանում բացվել է առաջին սանիտարահիգիենիկ լաբորատորիան, 1932-ին՝ ԵԲԻ-ում սանիտարահիգիենիկ ֆակուլտետը, 1935-ին՝ համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոնը։

Մասնագետն անդրադարձ կատարեց նաև այդ ժամանակահատվածում հաճախ հանդիպող հիվանդությունների համաճարակաբանական տվյալներին՝ (քութեշ, դիֆթերիա, բնական ծաղիկ, ժանտախտ և այլն) խոսեց կանխարգելիչ պատվաստումների մասին:

«Հայաստանում կանխարգելիչ պատվաստումների նպատակային և հետևողական իրականացման արդյունքում 1995 թվականից հանրապետությունում պոլիոմելիտի դեպք չի արձանագրվել։ 2002 թվականին Հայաստանը, ի թիվս եվրոպական երկրների, հռչակվել է պոլիոմիելիտից ազատ երկիր։ 1994-1995 թթ.՝ 320 դեպք արձանագրած դիֆթերիայի բռնկումից հետո հանրապետությունում իրավիճակը կայունացել է: 2001 և 2009 թվականներին արձանագրվել է 1-ական դեպք:

Պատվաստումների ազգային օրացույցում վիրուսային հեպատիտ B-ի պատվաստանյութի ներդրումից հետո հիվանդացությունը զգալիորեն նվազման միտում ունի հատկապես մինչև 18 տարեկանների տարիքային խմբում։ 2007 թվականից կարմրուկի, կարմրախտի, բնածին կարմրախտային համախտանիշի տեղական դեպք չի արձանագրվել (2023 մարտ): Փայտացում, նորածնային փայտացում հիվանդությունները, կապույտ հազը և համաճարակային պարօտիտը արձանագրվում են որպես եզակի դեպք»,-ընդգծեց նա` իր ելույթում կարևորելով ու առանձնակի շեշտադրելով այն բոլոր հաջողություններն ու ձեռքբերումները, որոնք հնարավոր են դարձել մասնագետների համալիր, քրտնաջան ու հետևողական աշխատանքի շնորհիվ:

Խոսվեց նաև պանդեմիաների հարյուրամյա պարբերականության մասին՝

1720թ. մեծ ժանտախտ

1820թ. խոլերա

1920թ. իսպանական գրիպ (իսպանկա)

2020թ. COVID-19

Սրանք, զեկույցից մեջբերված տվյալներն են: Աշխարհում, տարբեր դարաշրջաններում` մեկդարյա հաջորդականությամբ արձանագրվել են առողջապահական և սոցիալ-տնտեսական խոշորագույն աղետ հանդիսացող համաճարակներ, ինչպիսիք են վերոնշյալները: Պրոֆեսորը հույս հայտնեց, որ միլիոնավոր մարդկանց կյանքեր խլած հիվանդությունների դեմ պայքարում` կորոնավիրուսային համավարակից հետո, առնվազն ևս 100 տարի մասնագետները ճիշտ համաճարակաբանական ռազմավարություն վարելով, հաջողություններ կգրանցեն՝ կառավարելի դարձնելով նման մասշտաբային բռնկումները:

ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը շարունակելով՝ «Քաղաքների կանաչացումը՝ որպես բնակչության առողջության ապահովման գործոն» զեկույցը ներկայացրեց:

Մասնագետի խոսքով՝ քաղաքային միջավայրում չկա հարց, որտեղ կանաչապատումն իր դերը չունենա. այն ազդում է բոլոր բնապահպանական խնդիրների վրա:

«Ալեքսանդր Թամանյանի հանճարը նրանում է, որ նա հասկացավ բնության դերը քաղաքում. չի կարող ապրել բնակչությունը և ունենալ առողջության համապատասխան ցուցանիշներ՝ առանց կանաչի: Եվ նախագծեց Երևանը՝ որպես քաղաք-այգի», – ասաց նա՝ հավելելով, որ 100 տարվա ընթացքում մեր մայրաքաղաքը ցածր քաղաքից վերածվել է բարձրահարկ շենքերով քաղաքի` առաջացնելով բնապահպանական խնդիրներ:

Քրիստինա Վարդանյանի խոսքով՝ քաղաքը մեծանում է, սակայն ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները չեն ավելանում: Երևանի ամենակարևոր հատվածը՝ բնապահպանական տեսանկյունից Հրազդանի կիրճն է: Այնտեղ որտեղ բնական ձևով կանաչը և կապույտը՝ որպես ենթակառուցվածքներ, միացած են իրար, այն ողնաշարն է, որտեղ պետք է ձևավորել կանաչապատումը, ինչն արտակարգ ձևով արել էր ճարտարապետ Թամանյանը:

Մեջբերելով ԱՀԿ-ի տվյալները՝ նշեց, որ օդի աղտոտվածությամբ պայմանավորված, տարեկան աշխարհում մահանում է 7 միլիոն մարդ: Աշխարհի քաղաքների 80 տոկոսը չունեն պահանջված ցուցանիշներ. բնակչության մոտ 92 տոկոսն ապրում է ոչ այն պայմաններում, որոնք ահրաժեշտ են:

«Վերջին գիտական ուսումնասիրությունն ապացուցեց 3/30/300 օրենքը: Դա նշանակում է, որ մարդն իր պատուհանից պետք է տեսնի 3 ծառ, 30 տոկոս կանաչ ծածկույթ, 300 մետր հեռավորության վրա պետք է ունենա առաջին կանաչ գոտին»,-պարզաբանեց նա՝ ավելացնելով, որ կանաչ ենթակառուցվածքների հիմնական գործառույթներն են քաղաքային միջավայրի բարելավումն ու բնակչության առողջության ապահովումը:

Եթե ակտիվ արդյունաբերական կյանքով և խիտ երթևեկությամբ խոշորագույն քաղաքներում ընդհանուր օգտագործման կանաչ տնկարկները՝ զբոսայգիները, այգիները և պուրակները զբաղեցնում են տարածքի 20 տոկոսից պակաս, ապա բնակչության շրջանում սկսում են առողջական խնդիրներ՝ պայմանավորված թթվածնային քաղցով և մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերով թունավորման պատճառով:

Զեկուցողն ընդգծեց, որ կանաչ տարածքները՝ քաղաքային բնակչության առողջության պահպանման անգնահատելի ռեսուրս են: Քաղաքային այգեգործությունն իրական և արդյունավետ միջոց է՝ բարելավելու բնակչության կյանքի որակը:

Քաղաքային կանաչ տարածքների 10 տոկոսով ավելացումը նվազեցնում է բժիշկների այցելությունների թիվը, կարծես բնակչությունը 5 տարով երիտասարդացել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031