Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Ֆրանսիայում առաջին դպրոցն է անվանակոչվել դիմադրության շարժման հայազգի հերոս Միսակ Մանուշյանի անունով

Հոկտեմբեր 15,2024 12:19

Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի կողմից միաձայն ընդունված որոշմամբ՝ փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի կենտրոնական ավագ դպրոցն անվանակոչվեց Միսաք և Մելինե Մանուշյանների անվամբ։ Սա Ֆրանսիայում առաջին դպրոցն է, որը կրում է Դիմադրության շարժման հայազգի հերոսի անունը:

Անվանակոչման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց դպրոցի սաների կողմից Միսակ Մանուշյանի բանաստեղծությունների հուզիչ ընթերցմամբ: Ողջույնի խոսքերով հանդես եկան դպրոցի տնօրենը, ինչպես նաև պատմության և փիլիսոփայության ուսուցիչները՝ ներկայացնելով նախաձեռնության նպատակները, Ֆրանսիայի նախագահի որոշմամբ ֆրանսիացի մեծագույն գործիչների Պանթեոնում հանգրվանած Մանուշյանի և նրա զինակիցների հերոսական կերպարների հավերժացման անհրաժշտությունն ու կարևորությունը երիտասարդ սերնդի համար:
Դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին և ելույթներով հանդես եկան նաև Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի խորհրդի անդամ և Շատնե-Մալաբրիի քաղաքապետ Կարլ Սեգոն, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, դեպարտամենտի պրեֆեկտ Բենուա Տրեվիզանին, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Օ-դը-Սենի հանրային կրթության ծառայության ակադեմիական տնօրենը։

Դպրոցի բացման արարողությանը ներկա էին նաև Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասը, Ազգային ժողովի և Սենատի անդամներ, ռեգիոնալ, դեպարտամենտային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։

Իր ելույթում դեսպան Հասմիկ Տոլմաջյանը երախտագիտության խոսք ուղղեց քաղաքապետ Կարլ Սեգոյին՝ Մանուշյանի անունով դպրոցն անվանակոչելու նախաձեռնության համար:
Դեսպանն ընդգծեց, որ հանուն Ֆրանսիայի ազատագրության մղած իր բացառիկ պայքարի ու անմոռանալի սխրանքի, ինչպես նաև համամարդկային արժեքներին իր անսահման նվիրվածության շնորհիվ՝ Միսաք Մանուշյանը դարձել է հայ-ֆրանսիական բարեկամության կարևորագույն խորհրդանիշ, ով իր հերոսական և անձուրաց պայքարով շարունակում է ոգեշնչել ֆրանսիացի երիտասարդ սերնդին։

Հանդիսավոր արարողության ավարտին դպրոցի սաները հանդես եկան նաև Շառլ Ազնավուրի երգերի ինքնատիպ կատարումներով։

Միսաք Մանուշյանը 1931-1933 թվականներին ապրել է Շատնե-Մալաբրիում, Ժան Ժորեսի պողոտա, 44 հասցեում:

Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031