Սուր շնչառական վարակներն աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբն են, որոնց հարուցիչները հիմնականում վիրուսներն են` գրիպը, ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսը, ադենովիրուսը, բոկավիրուսը, և այլ վիրուսային հարուցիչներ։
Դրանք կարող են ընթանալ ծանր և առաջացնել բարդություններ՝ թոքաբորբ, բրոնխիտ, ականջաբորբ և այլն։ Բարդությունների զարգացման առավել խոցելի խումբ են երեխաները՝ հատկապես կյանքի առաջին տարիների ընթացքում, տարեցները և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք:
Այս տարվա 41-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն, հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ աճել է՝ 1.2 անգամ, ինչը համահունչ է սեզոնի նշված ժամանակահատվածին, իսկ նախորդ շաբաթվա միևնույն ժամանակահատվածի համեմատ` ցածր է 1.1 անգամ։
Դեպքերի 71%-ը կազմել են 0-18 տարեկանները։
Կարդացեք նաև
Դետքային համաճարակաբանական դիտարկման շրջանակներում նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում գրիպի վիրուսներ չեն հայտնաբերվել։
Այլ շնչառական վարակներից հայտնաբերվել են ռինովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-Cov-2 հարուցիչներ։
📈 Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 22.5%-ով, 📉 իսկ 14 օրվա ընթացքում արձանագրված դեպքերը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 31%-ով:
Սուր շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝
📌Առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում է.
🔵 պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով առաջնային առողջության պահպանման կազմակերպություն,
🔵 խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,
🔵 եթե հիվանդ եք, մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ աշտանշաններով երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
🔵 եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
🔵 մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
🔵 հագնվե´ք եղանակին համահունչ,
🔵 պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
🔵 օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
🔵 հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
🔵 հետևե՛ք անձնական հիգիենային։
ՀՀ առողջապահության նախարարություն