Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն այսօր իր անհամաձայնությունը հայտնեց ավագանու նիստի օրակարգի առնչությամբ։
«Նախորդ նիստում համաձայնություն է եղել, որ արտահերթ ընտրությունների ենք գնում, բայց հիմա եկել եք նման օրակարգով, կարծես ոչ մի համաձայնություն էլ չի եղել»,- ասաց նա՝ հակադարձելով քաղաքապետ Տիգրան Ավինյանի այն պնդմանը, որ «Երեւան-Էրեբունի» տոնակատարությունները հինգ տարի անց վերականգնվել են եւ դա բավական լավ է։ Մանուկ Սուքիասյանը կարծում է, որ երեւանցիների համար լավ նվեր կլիներ, որ այսօր քննարկվեր արտահերթ ընտրությունների գնալու հարցը։
«Ազգային առաջընթաց» խմբակցության նորընտիր ղեկավար Արամ Թորոսյանը համաձայնեց Մանուկ Սուքիասյանի հետ։ Տիգրան Ավինյանն էլ առաջարկեց՝ հարցը քննարկել հարցուպատասխանի ձեւաչափում։
Ի դեպ, «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու թափուր մանդատը Մուշեղ Հակոբյանին է տրվել։ Իսկ «Հանրային ձայն»-ինը՝ Լուսինե Բադալյանին եւ Դիաննա Ալեքյանին․ վերջինս դուրս է եկել «Հանրային ձայն» կուսակցությունից՝ պահպանելով ավագանու մանդատը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Երեւանում արտահերթ ընտրությունների թեման շարունակվեց Արմեն Խանդիկյանին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում տալու հարցի քննարկման ժամանակ։ Մանուկ Սուքիասյանը հայտարարեց՝ դեմ չէ Արմեն Խանդիկյանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելուն, բայց իրենք քաղաքական պահանջները ներկայացնելու այլ տարբերակ չունեն։
«Պարոն Ավինյան, որ ոլորտում դուք գործունեություն եք ծավալել, քրեական գործերի ուրվականները ուղեկցում են ձեզ։ 10 միլիարդ դրամ մսխելն ANIF-ի գծով․․․ կա քրեական գործ՝ մեղադրանք չկա, քովիդի հետ կապված՝ էլի քրեական գործեր, մեղադրյալ չկա, քաղաքապետարանի հետ կապված էլ՝ տարբեր քրեական գործեր, մեղադրյալներ չկան»,- ասաց նա։ Տիգրան Ավինյանն ընդհատեց՝ ասելով, որ նման հարցերը քննարկելու համար այլ ձեւաչափեր կան։
Որոշակի լեզվակռվից հետո Մանուկ Սուքիասյանն, այնուհանդերձ շարունակեց իր ելույթը՝ արտահերթ ընտրությունների պահանջի մասին։ ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ առաջարկեց գոնե գույքահարկի հարցի քննարկման ժամանակ այս հարցին անդրադառնալ, ոչ թե պատվավոր քաղաքացիների հարցն օգտագործել այդ առիթի համար։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ