«Հրապարակի» զրուցակիցն ԱՄՆ Լիհայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Արման Գրիգորյանն է:
– Կտրուկ շրջադարձ դեպի եվրաատլանտյան ուղի, ՌԴ-ի ու ՌԴ-ի հովանու ներքո գործող կառույցների հետ հարաբերությունների վատթարացում, Բաքվի եւ Անկարայի հետ բարեկամանալու փորձեր: ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական վեկտորը սա է: Ի՞նչ զարգացումներ եւ հետեւանքներ ակնկալենք այս ուղղություններով:
– Բաքվի եւ Անկարայի հետ բարեկամանալու ձեւակերպման մեջ պոլեմիկական տարր կա, ու ես չեմ ուզում այդ ձեւակերպմանը հավանություն տալ։ Ընդհանուր առմամբ, ես համարում եմ ու միշտ համարել եմ, որ մենք պետք է փորձենք նորմալացնել մեր հարաբերությունները հարեւանների հետ։ Ի տարբերություն Փաշինյանի, ես այդ կարծիքին էի նաեւ պատերազմից առաջ ու կարծում էի, որ մենք շատ ավելի արժանապատիվ խաղաղություն կարող էինք ունենալ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, եթե դա բանակցված, փոխզիջումային լուծման արդյունքում լիներ եւ ոչ պատերազմի։ Բայց նույնիսկ հիմա ես մի քիչ լավ չեմ հասկանում հարաբերությունները նորմալացնելու դեմ փաստարկները։ Ի՞նչ պիտի անենք` հրաժարվե՞նք խաղաղության պայմանագրից ու նորմալացումից։ Դա նշանակում է մնալ այդ երկրների հետ փաստացի պատերազմական իրավիճակում (անգլերեն դրան ասում են state of belligerence), այն էլ, երբ մենք շատ խոցելի ու տկար վիճակում ենք։ Դա նշանակում է հարեւաններին ասել՝ մենք հիմա չենք կարող ուժով փոխել ստատուս քվոն, բայց մտադիր ենք դա անել, երբ հնարավորություն կունենանք։ Իրականում Հայաստանում շատերը դա բացեիբաց են հայտարարում։ Դե հիմա պատկերացրեք՝ դուք նստած եք Բաքվում կամ Անկարայում, ի՞նչ հետեւություն կանեիք նման վարքագծից։ Ճիշտ է՝ թույլ չտալ հայերին, որ երբեւէ այդ հնարավորությունն ունենան։ Ու քանի որ հայերն են, որ հրաժարվում են խաղաղության պայմանագիր կնքել, որեւէ քննադատության, դատապարտման կամ ճնշման դեմ նրանք միշտ այդ փաստարկը կունենան։ Ինչ վերաբերում է երկրի ռազմավարական կողմնորոշումն արմատապես փոխելու, եղած անվտանգության համակարգից հրաժարվելու եւ երկիրը դեպի Արեւմուտք կողմնորոշելու փորձերին, այստեղ ես Ձեզ հետ համաձայն եմ։ Սա անպատասխանատու արկածախնդրություն է, հերթական օրինակը քաղաքական որոշ իրողություններ սխալ գնահատելու կամ, ավելի ճիշտ` քաղաքական ու նյութական իրողություններն ինչ-որ գրանդիոզ իղձերի ստորադասելու հակման, ինչը Փաշինյանի ու նրա թիմի քաղաքական ինքնության առանցքն է։ Որեւէ՝ նույնիսկ հեռավոր ակնարկ չկա այն մասին, որ Արեւմուտքը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տալ Հայաստանին՝ նման շրջադարձի պարագայում։ Իսկ նման շրջադարձի դեպքում մենք ոչ միայն ավելի խոցելի կդառնանք թուրքական ու ադրբեջանական օրեցօր կոշտացող դիրքորոշման դեմ, այլ նաեւ կշահենք Ռուսաստանի թշնամանքը։
– Որոշ վերլուծաբաններ կանխատեսում են, որ Թրամփի իշխանության վերադառնալու դեպքում Եվրոպան կհայտնվի նրա ու Պուտինի հետ menage a trois-ի («սիրային եռանկյունու») մեջ: Ըստ Ձեզ, ինչպե՞ս պետք է առավելագույնս շահեկանորեն վերադիրքավորվի Հայաստանը:
Կարդացեք նաև
– Հայաստանում մի փոքր չափազանցված ընկալում կա, թե որքան մեծ կարեւորություն ունի ԱՄՆ նախագահի պաշտոնը։ Անկարեւոր պաշտոն չէ, իհարկե, բայց չափազանցված են կտրուկ ու մեծ փոփոխություններ անելու նրանց կարողության մասին պատկերացումները, հատկապես, երբ խոսքը վերաբերում է արտաքին քաղաքականությանն ու ռազմական անվտանգությանն առնչվող հարցերին։ Այստեղ շատ ավելի կարեւոր դեր են խաղում որոշակի շատ մեծ կարողություններ ունեցող շահախմբեր ու, այսպես կոչված, խորքային պետությունը (deep state)։ Ի վերջո, Թրամփը նախագահ էր նաեւ 2016-2020 թթ.-ին։ Նրա որոշ մտադրություններ խոսքերից այն կողմ չգնացին, ԱՄՆ-ի քաղաքականությունն էլ որեւէ արմատական փոփոխության չենթարկվեց, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը։ Հիմա, սրանով հանդերձ, մի բան եմ ուզում նշել։ Ինչ-որ փոփոխություն Ռուսաստանի հետ հարաբերություններում կարող է տեղի ունենալ, բայց դա կապված չէ հենց ընտրությունների հետ։ Պարզապես, քաղաքականապես դա հեշտ կլինի անել ընտրություններից հետո։ Իսկ այդ փոփոխությունները հավանական դարձնող պատճառները 3-ն են։ Առաջին. Ուկրաինայում Արեւմուտքի քաղաքականությունը ձախողվել է, եւ նույն՝ ամերիկյան խորքային պետությունն ու նշածս շահախմբերը կարծես թե սկսում են հասկանալ, որ ժամանակն է դա կանգնեցնել։ Երկրորդ. խիստ սրվել է իրավիճակը Մերձավոր Արեւելքում, եւ ԱՄՆ-ի նյութական ու քաղաքական ռեսուրսներն անհրաժեշտ են լինելու այնտեղ։ Երրորդ. սկսում են նաեւ մի պարզ բան հասկանալ ամերիկյան վերնախավի գոնե որոշ հատվածներում, որ դեռ 30 տարի առաջ պիտի հասկացած լինեին. Ռուսաստանի հետ առճակատման քաղաքականությունը վերջինիս հրում է Չինաստանի գիրկը, այն էլ՝ այն Չինաստանի, որն այսօր դարձել է ԱՄՆ-ի ամենալուրջ մրցակիցը, եւ որի հետ ռազմավարական մրցակցությունը դառնում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ամենահիմնական մտահոգությունը։ Ի՞նչ պետք է անի Հայաստանը։ Ես հարցը մի քիչ այլ կերպ կձեւակերպեի. ի՞նչ չպետք է անի Հայաստանը։ Հայաստանը չպետք է փորձեր անի՝ փոխելու երկրի ռազմավարական կողմնորոշումը։ Իրականում դա վտանգավոր ու դատապարտված քաղաքականություն է, եթե նույնիսկ վերեւում արված վերլուծությունը սխալ է, եւ եթե մոտ ապագայում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ ոչինչ չփոխվի։
Արա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: