Լրահոս
Օրվա լրահոսը

Ավազը վարսակին չի փոխարինի

Հոկտեմբեր 15,2024 10:00

1955 թվականին Խորհրդային Միության ղեկավար Խրուշչովը սկսեց, այսպես կոչված, «եգիպտացորենային» արշավը, որի նպատակն էր՝ բոլոր հնարավոր տեղերում փոխարինել ցորենը եգիպտացորենով: Դա յուրահատուկ «կարգո պաշտամունք» էր, որի հիմքը Միացյալ Նահանգների փորձն էր: Այդ երկրի գյուղատնտեսության մեջ, ինչպես հայտնի է, եգիպտացորենը (որն աճեցնելու ինքնարժեքը տեսականորեն ավելի ցածր է) շատ կարեւոր դեր է խաղում: Սակայն ԽՍՀՄ-ում ո՛չ հողը, ո՛չ կլիմայական պայմանները, ո՛չ էլ դարերով ձեւավորված գյուղատնտեսական ավանդույթները բարենպաստ չէին այդ բույսի նման մասշտաբներով արտադրության համար: Խրուշչովի նախաձեռնությունը զգալի վնաս բերեց ԽՍՀՄ տնտեսությանը:

Այս պատմությունը ես հիշեցի՝ լսելով Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի առաջարկությունը՝ ցորենը բրնձով փոխարինելու մասին: Ըստ այդմ՝ ցորենը ռազմավարական ապրանք է (Ռուսաստանից կախվածության գործոն է), իսկ բրինձը՝ ոչ: Փորձենք հասկանալ, դա իրո՞ք այդպես է:

2023 թվականին Հայաստան է ներմուծվել 396,4 հազար տոննա հացահատիկ, որոնցից 292,8 հազար տոննան ցորեն էր: Հացահատիկի ներմուծման գրեթե 100 տոկոսը Ռուսաստանից է: Դա սպասարկում է մեր կարիքների 75 տոկոսը: Հետեւաբար, մենք մեզ համար արտադրում ենք մեր կարիքների 25 տոկոսը, եւ այդքանով կախված չենք ներմուծումից:

Իսկ որքանո՞վ ենք կախված բրնձի ներմուծումից: Գրեթե 100 տոկոսով, որովհետեւ Հայաստանում արդյունաբերական ծավալներով բրինձ չի արտադրվում՝ նույն հողային եւ կլիմայական պայմաններից ելնելով: Բրինձը, հետեւաբար, մեզ համար «ավելի ռազմավարական» ապրանք է: Անցած տարի մենք ներմուծել ենք 18 հազար տոննա բրինձ Հնդկաստանից, Ղազախստանից եւ նույն Ռուսաստանից: Էլ չխոսենք այն մասին, որ բրնձե բլիթը Հայաստանում դժվար թե փոխարինի ավանդական հացին:

«Ավազը վարսակի համար վատ փոխարինող է» («Sand is poor substitute for oats»), – ասում է Օ՛Հենրիի հերոսներից մեկը: Այդ արձանագրումը ստիպում է նրան կյանքի բավականին ցինիկ ճանապարհ ընտրել: Ես, բնականաբար, ցինիկ լինելու կոչ չեմ անում: Պարզապես ազգային անվտանգության հարցերում ցանկալի է լինել փոքր-ինչ ավելի իրատես:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ՔՊ Ժողովրդավարության դպրոցում, Փաշինյանը ասեց ՝ «որտեղ հաց, այնտեղ կաց» :

    Եւ ահա թէ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ասում է որ ՀՀում, պէտք է որ ցորենը փոխարինուի բրինձով:

    Սա արդէն խոստովանութիւն է, որ վարչակարգը ուզում է որ հայաստանցիները արտագաղթեն իրենց երկրէն:

    Չնայած, շնորհիւ բրինձի գործութեան, թերեւս երկրից մեկնող հայերից շատ աւելի մեծ թիւով՝ չինացիներ կը տեղափոխուին Հայաստան:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031