Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված` «Բալետ Փարաջանով» ժամանակակից ներկայացման առաջնախաղը

Հոկտեմբեր 14,2024 23:44

2024թ. հոկտեմբերի 14-ին Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կայացավ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված` «Բալետ Փարաջանով» ժամանակակից ներկայացման առաջնախաղը:

Ներկայացում, որը պարարվեստի լեզվով ներկայացրեց Սերգեյ Փարաջանովի կյանքի ամենադաժան ու գործունեության ամենապտղաբեր տարիները` բանտարկությունը, անազատության մեջ ստեղծագործելու ընթացքն ու աշխարահռչակ ճանաչում վայելող` «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերները», «Սատանա», «Աշիկ քերիբ», «Մահը» ֆիլմերի ստեղծման ժամանակահատվածները:

Հայկական, եվրոպական, դասական և ժամանակակից պարաձևերի խառնուրդը և լիբրետոյի հիմքում դրված ազատատենչության համար մղվող պայքարի գաղափարը հանդիսատեսին տեղափոխեցին վառ գույներով լցված փարաջանովյան անծայրածիր աշխարհ:  Ներկայացման բեմադրող-ռեժիսոր և խորեոգրաֆ` ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Մեհրաբյան:

Դահլիճում ներկա էին Հայաստանի հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանն ու Ալֆրեդ Քոչարյանը, եվրոպական պետությունների դեսպաններ, Ֆրանսիայի հանրապետությունից ժամանած մշակութային պատվիրակություն` «Պրելժոկաժ բալետի» գեղարվեստական ղեկավարության և Ֆրանսիական պարլամենտի պատգամավոր Անն Լորանս Պետելի  գլխավորությամբ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, նշելով. «Այսօր ներկա ենք կարևոր միջպետական մշակութային իրադարձության` «Բալետ Փարաջանով» ներկայացման առաջնախաղին: Փարաջանովյան ժառանգությունը յուրովի և ժամանակին համահունչ ներկայացնելն այս տարվա հոբելյանական միջոցառումների գլխավոր պահանջն է: Արդեն երկրորդ անգամ, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը փարաջանովյան անսահման աշխարհը ներկայացնում է պարային-թատերական ձևաչափով, և շատ կարևոր է շեշտել` միջպետական հայ-ֆրանսիական համագործակցությամբ: Այսօր կտեսնենք ներկայացում, որը ոգեշնչված է Փարաջանովի կյանքից ու ստեղծագործությունից, իր մեջ ամփոփում է Մեծ Վարպետի ամբողջ գունապնակը` կյանքի անձնական դաժան պահերից մինչև ստեղծագործական անսահման վերելքներ: Հուսով ենք, որ այսօր սկիզբ կդրվի նաև այս նախագծի միջազգայնացմանը»:

 

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031