ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը բացառում է մանր եղջերավորների արտահանման բիզնեսում իր հովանավորչության մասին տեղեկությունները:
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ եւ ուսումնասիրվում են նաեւ Աղազարյանի հնարավոր հովանավորչության մասին տեղեկությունները:
«Հիմքը եղել է երկու քաղաքացիների միջեւ հեռախոսազրույցը, որտեղ շոշափվել է իմ անունը: Այդ քաղաքացիներից մեկը այլ գործով եղել է օպերատիվ զննության ներքո, դրա համար այդ հեռախոսազրույցը գաղտնալսվել է»,- ասաց Աղազարյանը:
Պատգամավորն անձամբ ճանաչում է այդ քաղաքացիներին, ում զրույցից հետո ինքը հայտնվել է իրավապահների ուշադրության ներքո եւ վկայի կարգավիճակով արդեն հարցաքննվել . «Այո՛, դիմել են ինձ, որ օգնեմ, բայց չեմ օգնել: Օգնելու բան չկար, ինչ ինձ խնդրում էին, օրենքներից դուրս էր, հետեւաբար, չէի կարող օգտակար լինել: Այդ քաղաքացիների հետ շփումներում չկան այնպիսի դրվագներ, որոնց վրա հենվելով իրավապահները վկայի իմ կարգավիճակը փոխեն: Նրանց խնդրանքն այնպիսին էր, որ ոչ մեկ իր վրա պատասխանատվություն չէր վերցնի ինչ-որ բան անել: Ես օրական մի քանի տնտեսվարողի հետ կարող եմ զրուցել, այդ զրույցների մեջ տարբեր բովանդակություն ու տարբեր հարցեր կարող են լինել, իհարկե կարող են լինել առաջարկներ՝ պարոն Աղազարյան մենք շնորհակալ կլինենք, էս կանենք, էն կանենք, բայց ովքեր թեման տանում են այդ ուղղությամբ, այդ թեման փակվում է հաջորդ վայրկյանին»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ