Հայաստանի ազգային հավաքականի շարունակական ձախողումները եվրոպական ու համաշխարհային բոլոր մակարդակների մրցաշարերում, արտացոլում են երկրում ամենասիրված մարզաձեւի վիճակի իրական պատկերը։
Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականի պահանջ է առաջացել։
Aravot.am-ը լսել է նաեւ հասարակական-քաղաքական գործիչ, արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանի կարծիքը։
Կարդացեք նաև
«Կարծում եմ, որ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջը խիստ տրամաբանական է եւ հիմնավոր, որովհետեւ դա ոչ թե ընդամենը մեկ խաղի ձախողում է եւ ոչ էլ միայն ազգային հավաքականի։ Դա Հայաստանում ինստիտուցիոնալ ֆուտբոլի դրվածքի ձախողումն է։ Այդ նույն ձախողումները վերաբերում են տարբեր տարիքային խմբերի հավաքականներին, վերաբերում են կանանց ազգային հավաքականին։ Ես չգիտեմ․առհասարակ կա՞ն կանանց տարբեր տարիքային խմբեր։ Իսկ այդ ամեն ինչը իրականացվում է հսկայական ֆինանսական միջոցների առկայության պայմաններում, որոնք ոչ միայն ձեւավորվում են ֆեդերացիայի մարզական ակումբներից, այլ նաեւ ՈՒԵՖԱ-ից, ՖԻՖԱ-ից տրվող հատկացումներն են։ ՖԻՖԱ-ն եւ ՈՒԵՖԱ-ն հատկապես զարգացող երկրների ֆեդերացիաներին հսկայական աջակցություն են ցուցաբերում ենթակառուցվածքների զարգացման, մարզաձեւի մասսայականացման եւ այլ ծրագրեր իրականացնելու համար։ Եվ եթե Հայաստանում հնարավոր չի լինում դա կազմակերպել այնպես, որ ինստիտուցիոնալ ֆուտբոլ զարգանա եւ դա գա, առարկայանա ու դրսեւորվի հավաքականում, ընդամենը ձախողում է։
Ես կարծում եմ, ոչ ոք այս պահին ակնկալիքներ չունի, որ մեր հավաքականը դառնա Եվրոպայի, օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն կամ մեդալակիր։ Ոչ էլ Ազգերի լիգայում հաղթելու սպասելիքներ կային։ Բայց գոնե ենթախմբից, դեռ ոչ խմբից, դուրս գալու ակնկալիք կար չէ՞։ Ոչ մի անգամ չի եղել, որ որ հավաքականը երբեւէ խմբից դուրս գա։ Դա նշանակում է, որ ամենավերջին տեղի համար պայքարող թիմ է եւ մասնակցում է զուտ ձեւական, օգնի, որպեսզի ինչ-որ մի թիմ հասնի հաջողության։ Եվ եթե դա մշտական է, ապա արդեն ոչ այնքան ֆուտբոլիստների, անգամ մարզչի խնդիրն է, որքան ֆուտբոլի ֆեդերացիայի։ Իսկ թե ֆուտբոլի ֆեդերացիան ինչ վիճակում է, տեսնում ենք սկանդալային պատմությունները, վեճերը ակումբների հետ, տեսնում ենք, թե ինչ որոշումներ են կայացվում մեր լավագույն ֆուտբոլիստներին հրավիրելու կամ նրանց առջեւ դռները փակելու իմաստով, ինչ անառողջ մթնոլորտ է տիրում ներսում։
Լինելով ապակենտրոն, պետության հետ ըստ էության, ոչ մի առնչություն չունեցող ՀԿ՝ ֆեդերացիան ամբողջությամբ դարձել է քաղաքական իշխանության սպասավոր։ Ընդ որում, հենց ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո։ 2018 թվականին ո՞վ դարձավ ֆեդերացիայի նախագահ․ ԱԱԾ տնօրենը, նրանից հետո էլ Նիկոլ Փաշինյանի հովանավորությունը վայելող մեկը։ Եվ նա հիմա ապահովում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղին հետեւի VIP տրիբունայում։ Ճիշտ է, նրանցը հրավիրատոմս պետք է լիներ, բայց այդ տեղերին համարժեք տոմսի արժեքը կարող է լինել առնվազն 10 հազար եվրո։ Այսինքն, ֆեդերացիայի նախագահը կազմակերպել է Նիկոլ Փաշինյանի զվարճանքը, խրախճանքը, որի երկրի հավաքականը ոչ խմբից է դուրս եկել, ոչ Եվրոպայի առաջնության եզրափակչին է մասնակցել։ Ու մնացել է ֆեդերացիայի նախագահ։ Իսկ ֆեդերացիան էլ տապալել է բոլոր օղակները։
Մենք խոսում ենք մի մարզաձեւի մասին, որի նկատմամբ ժողովուրդն ունի մեծ սեր եւ այդ մարզաձեւը հանրությանը միավորում է, երկրին բերում ճանաչում եւ հեղինակություն։
Այո, նման ձախողումներ ունեցող մարզիչը պետք է գնա։ Բայց դա պետք է վերաբերի նաեւ առնվազն ֆեդերացիայի նախագահին, որովհետեւ հավաքականի մարզչի ընտրությունը անում է ֆեդերացիան, ֆեդերացիայի նախագահը։ Ու ֆեդերացիայի նախագահի սխալ որոշումն է, որ խաղադաշտում դառնում է պարտություն։ Հետեւաբար, ֆուտբոլասերների ընդվզումը օբյեկտիվ է»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ