Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւշատում ուսուցչուհին դասաժամին «խաղ» է կազմակերպել, խաղը վերածվել է հանցագործության

Հոկտեմբեր 14,2024 21:33

Արարատի մարզի Արեւշատ գյուղի միջնակարգ դպրոցի դասվար Ռ. Ղ-ն դասաժամի ընթացքում առաջին դասարանի աշակերտների բերաններին կպչուն ժապավեն կապելու համար առայժմ արժանացել է միայն նկատողության:

Դպրոցի տնօրեն Սերինե Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրավապահներից է իմացել կատարվածի մասին. «Հանցագործություն չէ, ուղղակի խաղ է կազմակերպել , էդ խաղը, չգիտես ինչու, վերածվել է հանցագործության: Մենք այդ թեմաներով իրավապահների հետ զրուցել ենք, ամեն ինչ նորմալ է, անցել, գնացել է: Ինքը խաղ է կազմակերպել ընդամենը»:

Մեր հարցին, այսինքն նորմալ եք համարում դասաժամին նման խաղերը, ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Մենք ժողով ենք արել, որոշել ենք իրեն բանավոր նկատողության արժանացնել: Ինքը այս դպրոցում 38 տարվա աշխատանքային ստաժ ունի: Ինքը նաեւ պարզաբանել է, թե ինչու է այդպես վարվել, ասաց՝ աշակերտները աղմկել են, ասել է՝ հիմա ինչ անեմ, սկոտչով ձեր բերանները փակե՞մ, լռություն ենք խաղում: Էդ երկու հոգին առաջ են ընկել, ընդամենը մեկ վայրկյանով փակել ու բացել է: Իհարկե, ընդունելի չեմ համարում, դրա համար արժանացրել եմ նկատողության: Այդ դեպքից որեւէ մեկը չի բողոքել՝ ոչ ծնող, ոչ աշակերտ: Ես սահմանափակվել եմ բանավոր նկատողությամբ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 8-ին Արեւշատի միջնակարգ դպրոցի աշակերտներից մեկի ծնողը՝ Գ. Ա.-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահներին ուսուցչուհու կազմակերպած «խաղի» վերաբերյալ:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031