Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էին հայ պաշտոնյաները համաժողովի պանելային քննարկման ժամանակ անգլերեն խոսում․ ՀՀ «Լեզվի մասին» օրենքի խախտո՞ւմ չէ

Հոկտեմբեր 14,2024 20:35

«Ես ելույթ չեմ ունեցել, ես պանելային քննարկման եմ մասնակցել»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչն է եղել պատճառը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» թեմայով համաժողովի ժամանակ հայերեն ելույթ ունեցան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, իսկ մյուս պաշտոնյաները՝ անգլերեն, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Հղում կատարեցինք ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 3-րդ հոդվածին, որով սահմանված է, որ «Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն գրական հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին» և հարցրինք՝ մի՞թե անգլերեն խոսելով՝ ՀՀ պաշտոնյաները ՀՀ լեզվի մասին օրենքը չեն խախտել, Ռուբեն Ռուբինյանն էլ, հղում կատարելով օրենքի 4-րդ հոդվածին, որով սահմանվում է, որ «Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու հանրային միջոցառումների, հեռուստառադիոհաղորդումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը», ասաց․ «Լեզվի մասին» օրենքը չի խախտվել, կխախտվեր, եթե հայերեն թարգմանություն ապահովված չլիներ»։

ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ զրույցում հղում կատարելով ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 3-րդ հոդվածին, որով սահմանված է, որ «Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն գրական հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին» հարցրինք՝ անգլերեն խոսելով օրենքը չի՞ խախտել, պարոն Եղոյանը պատասխանեց․ «Կարող եք դա համարել ոչ պաշտոնական ելույթ, ի՞նչ խնդիր կա։ Խնդիրը ո՞րն է․ այդ միջոցառման լեզուն անգլերենն է, միջազգային միջկուսակցական  քննարկում է եղել անգլերեն լեզվով»։

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչն էր պատճառը, որ ՀՀ վարչապետի,Նարեկ Մկրտչյանի խոսքը հայերեն էր, մնացած բոլոր պաշտոնյաներինը՝ անգլերեն, Արմեն Եղոյանը պատասխանեց՝ հայեցողություն է։ Հարցրինք՝ Դուք եք ցանկացե՞լ, որ խոսեք անգլերեն, նա պատասխանեց․ «Եթե կա ընտրություն, եթե ներկաները, իմ ունկնդիրները խոսում են անգլերեն, ես իրենց հետ խոսում եմ անգլերեն, եթե կա թարգմանություն, որ ով չգիտի անգլերեն, լսի, իմանա։ Ի՞նչն է խնդիրը»։

Արման Եղոյանը հորդորեց պարզաբանում ստանալ Լեզվի կոմիտեից։ Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտե գրավոր հարցումն ուղարկված է, նշել են, որ ուսումնասիրում են հարցը և առաջիկայում կտան պարզաբանում։

Արման Եղոյանը նաև հորդորեց օրենքն ամբողջության մեջ կարդալ․ «Օրենքը պետք է կարդաք ամբողջության մեջ, ոչ թե առանձին հոդվածներով, հակառակ դեպքում կստացվի, որ օրինակ՝ ես արտասահմանում էլ պետք է խոսեմ հայերեն։ Օրենքը չի ասո՞ւմ՝ ես Եվրոպական խորհրդարանում գործընկերների հետ  պաշտոնական հանդիպումների ժամանակ ի՞նչ լեզվով պետք է խոսեմ․․․․ըստ իրավիճակի մարդիկ կարող են խոսել տարբեր լեզուներով, ես հինգ լեզվի եմ տիրապետում, կարող է հինգ լեզվով խոսեմ տարբեր միջավայրերում։ Եթե դա պաշտոնական ելույթ է, պետք է զուգահեռ թարգմանություն լինի, օրենքը դա է սահմանում։ Եթե միջազգային հանդիպում է լինում՝ այդ թվում և ՀՀ-ում, պետք է լինի թարգմանություն, եթե կա թարգմանություն, ինչը օրենքը պահանջում է, մարդիկ խոսում են որևէ միջազգային լեզվով։ Ֆրանկոֆոնիայի ժամանակ էլ խոսում ենք ֆրանսերեն, օրինակ՝ Միջխորհրդարանական միության հանդիպում եղավ, խոսում էին անգլերեն՝ այդ թվում և հայ պաշտոնյաները, և կար թարգմանություն։ Այդ բոլոր դեպքերում Դուք զանգում, մարդկանց հարցնո՞ւմ եք»։

Aravot.am-ը պարզաբանում ստացավ նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախագծերի ղեկավար Լիանա Մարուքյանից։ Հարցին՝ «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» թեմայով համաժողովի պանելաին քննարկման ժամանակ հայ պաշտոնյաներն ինչո՞ւ էին անգլերեն խոսում, դա ՀՀ «Լեզվի մասին» օրենքի խախտո՞ւմ չէր, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը ցանկացած միջոցառում իրականացնելիս այդ հանգամանքի վրա մեծ ուշադրություն է դարձնում, և հայերեն լեզվով են մեր բոլոր միջոցառումները, որոնց ժամանակ դա լինի գերմաներեն, անգլերեն, թե ռուսերեն, ապահովում ենք համաժամանակյա թարգմանություն՝ բայց հիմնական լեզուն պահելով հայերենը։ Սույն միջոցառումը միջազգային էր, յուրաքանչյուր պանելի ընթացքում, որտեղ ելույթ են ունեցել նաև հայ պաշտոնյաները, ունեցել ենք մեկից ավելի նաև արտասահմանյան մասնակիցներ։ Պանելային քննարկման ժամանակ ուղիղ կոնտակտ ապահովելու և ժամանակային տիրույթում տեղավորվելու պատճառով անգլերեն խոսեցին պաշտոնյաները, որը համաժամանակյա թարգմանվեց հայերեն։ Միջոցառման համար մեկ օր էր նախատեսված․ երկու, երեք օր չէր, թեմաներն ընդգրկուն էին, և մեկ պանելին տրված էր ընդամենը մեկ ժամից մեկ ժամ տասնհիգ րոպե ժամանակ։ Իսկ բանախոսները երեքից ավելի էին՝ մոդերատորը ներառյալ։ Բացի վարչապետի ելույթից և Նարեկ Մկրտչյանի խոսքից հիմնական բանախոսը խոսեց անգլերեն՝ նախկին ԵԽ պատգամավոր՝ Գերմանիայից ժամանած։ Ինքը հայերեն չգիտեր, խոսեց անգլերեն, համաժամանակյա հայերեն թարգմանությամբ»։

Aravot.am-ը գրավոր հարց է ուղարկել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին հարցով՝ ի՞նչն է եղել պատճառը, որ որոշվել է՝ պանելային քննարկումների ժամանակ հայ պաշտոնյաները խոսեն անգլերեն՝ համաժամանակյա թարգմանությամբ և արդյոք դա ՀՀ «Լեզվի մասին» օրենքի խախտում չէ՞։ Նա ՔՊ-ի կողմից միջոցառման կազմակերպչական հարցերով էր զբաղվում։ Պարզաբանումը ստանալուն պես կհրապարակենք այն։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031