Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:
Նախարարը շնորհավորել է դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք` ի շահ երկկողմ ծրագրերի և օրակարգի իրականացման:
Քննարկվել են`
ընթացիկ ծրագրերը,
փորձագիտական մակարդակով հարաբերությունների ամրապնդումը,
կարողությունների զարգացումը:
Կարդացեք նաև
Նախարարը ներկայացրել է առողջապահության ոլորտում բարեփոխումների օրակարգը, անդրադարձել առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխմանը և դրա շրջանակներում նախատեսվող ծառայությունների շրջանակի ընդլայնմանը:
«Ակնհայտ է, որ ապահովագրության ներդրումը ձեռնտու է բոլորին: Գերմանիայում նույնպես առողջապահական, սոցիալական հարցերը մշտապես օրակարգում են և բյուջեի հիմնական մասնաբաժինն են կազմում: Սա մեծ բարեփոխում է` ուղղված գրպանից ծախսերը կրճատելուն, և կարծում եմ, բոլոր քաղաքացիները կօգտվեն դրանից»,-նշել է դեսպանը:
Որպես համագործակցության ուղղություն՝ Անահիտ Ավանեսյանն առանձնացրել է Նորածինների լսողության սքրինինգի ծրագիրը` ուղղված լսողության բնածին կորստի վաղ հայտնաբերմանը:
Սքրինինգի փուլերի հաջորդականության ապահովման նպատակով նախարարը դեսպանի հետ քննարկել է ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներ արտադրող գերմանական ընկերությունների հետ համագործակցելու հնարավորությունը, քանի որ վաղ ախտորոշումն ապահովում է նաև պետության կողմից փոխհատուցվող կոխլեար իմպլանտացիայի պոտենցիալ հնարավորությունը շատ վաղ տարիքում:
Նախարարը կարևորել է նաև ուռուցքաբանական հիվանդությունների և բարդ դեպքերի վարման նպատակով հայ և գերմանացի մասնագետների միջև փորձի փոխանակման ծրագրերի ընդլայնումը:
ՀՀ առողջապահության նախարարություն