Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ քեմալական վարչակարգը, և ո՛չ էլ բոլշևիկյան իշխանությունը չունեին իրավական հիմքեր որոշելու այլ՝ անկախ հռչակված երկրների սահմանները. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»

Հոկտեմբեր 14,2024 17:50

103 տարի է անցել այն պատմական ժամանակներից, երբ ի դեմս 1921 թ․ Մոսկվայի և դրանից բխող Կարսի պայմանագրերով տեղի ունեցավ տարածաշրջանային ապակայունացման և պատմական անարդարության ևս մեկ իրադարձություն․ հայկական տարածքների ապօրինի բռնակցում Ադրբեջանին։

1921 թ․ Մոսկվայի կոնֆերանսի արդյունքում կնքված պայմանագիրը ենթադրում էր պայմանագրի կետերի ուղղակի վերարտադրություն այն երկրների հետ կնքվելիք պայմանագրում, որոնք չէին մասնակցել Մոսկվայի կոնֆերանսին և չէին ստորագրել Մոսկվայի պայմանագիրը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ երկու դեռևս չճանաչված կառավարությունների (ոչ թե երկրների) միջև համաձայնության հետևանք։ Կարսի պայմանագիրը դարձավ Մոսկվայի ապօրինի գործարքի փաստական վերատադրությունը, որով ոչ միայն Կարսը և Սուրմալուի գավառը խլվեցին Հայաստանից, այլև Նախիջևանը, որը նույնպես հայկական պետականության օրգանապես անբաժանելի մասն էր, սակայն 1918-1920 թթ․ ընթացքում ենթարկվել էր թուրք-ադրբեջանական հարձակմանը և տեղի հայ բնակչության նկատմամբ իրականացվել էր տեղային ցեղասպանություն և էթնիկ զտումներ, նույնպես, ըստ «նախնական պայմանավորվածության» դրվեց Ադրբեջանի խնամակալության տակ՝ ինքնավար հանրապետության կարգավիճակով։ Այս որոշմամբ ոչ միայն հայկական էթնոքաղաքական միջավայրի մի առանցքային հատվածը կտրվեց հայկականությունից, այլև Նախիջևանը երկարաժամկետ հեռանկարում կանգնեց «ադրբեջանականացման» սպառնալիքի տակ, որը ենթադրում է նախ՝ տեղաբնիկ հայության բռնի տեղահանում, ապա վերջիններիս ստեղծած էթնոմշակութային ժառանգության հիմնահատակ ոչնչացում։ Ցավոք սրտի ադրբեջանական վարչակարգերը կարողացան թե՛ խորհրդային, թե՛ հետխորհրդային տարիներին հասնել այս գլխավոր նպատակակետին։ Ասվածի վկայությունն է ինչպես Նախիջևանում հայության թվաքանակի շարունակական նվազումը, այնպես էլ 1988 թ․ հայության բռնի տեղահանումը Նախիջևանից, ապա հայկական ազգային մշակութային ժառանգության բարբարոսական ոչնչացումը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Կարսի անօրինական պայմանագիրը և դրա նույնաբնույթ հետևանքները։ Ո՛չ քեմալական վարչակարգը, և ո՛չ էլ բոլշևիկյան իշխանությունը չունեին իրավական հիմքեր որոշելու այլ՝ կոնֆերանսին մասնակից չհանդիսացող և անկախ հռչակված երկրների սահմաններն ու այդ ժողովուրդների ճակատագիրը։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը հետևողական գտնվել որևէ երկրի ու ժողովրդի կամքը օրինապես չարտահայտող փաստաթղթերը լեգիտիմացնելու խնդրի նկատմամբ և համապատասխան ջանքեր գործադրել դրանց վնասակար հետևանքների վերացման և արդարացի լուծումներ գտնելու ուղղությամբ։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031