«Այս գործընթացը չի ենթադրում որեւէ մեկի կարծիք լսել, բնականաբար՝ նշանակված անձը սկսելու է աշխատել ուսուցիչների եւ ծնողների հետ, ինչը շատ կարեւոր է, բայց զուտ նշանակման գործընթացը նման ընթացակարգ չի ենթադրում, սա քաղաքապետի որոշումն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը (լուսանկարում)՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի կոլեկտիվն ուներ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի իր թեկնածուն, սակայն այդ կարծիքը հաշվի չի առնվել:
«Դպրոցը չուներ ժամանակավոր պաշտոնակատար, պարտականությունների կատարումը վերապահված էր աշխատակիցներից մեկին՝ Լարիսա Մովսեսյանին, ով առողջական պատճառներով հաջորդ օրվանից չի կարողացել ներկայանալ աշխատանքի, ու անհրաժեշտություն է առաջացել նշանակելու ժամանակավոր պաշտոնակատար»,-հավելեց նա:
Դիտարկմանը, որ ֆիզիկայի ուսուցչի հետ կապված սկանդալային միջադեպը պատկան մարմինների կողմից օգտագործվել է դպրոցի հեղինակությանը «խփելու» ու իրենց ներկայացուցչին դպրոցին պարտադրելու համար, Մարգարիտա Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Նշանակումը կապ չունի շրջանառվող կարծիքների հետ… Անհրաժեշտություն է առաջացել ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու, որոշվեց, որ դա չպետք է լինի այս կամ այն անձը ու պետք է լինի դպրոցում չաշխատող մեկը» :
Նա նշեց, որ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 190 ավագ դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի եւ տնօրենի տեղակալ Քրիստինե Դումանյանը: Հանրակրթության վարչության պետը չմեկնաբանեց՝ արդյոք Դումանյանը Տիգրան Ավինյանի սրտի թեկնածո՞ւն է, ինչպես այդ մասին գրվել է մամուլում, ընդամենը կրկնեց, որ քաղաքապետի որոշմամբ է նշանակումը եղել:
Կարդացեք նաև
«Կարծել ենք , որ համապատասխանել է, բայց սա չի նշանակում, որ վերջնական տնօրեն է նշանակվել այդ անձը, ինչպես նա, այնպես էլ շատ այլ հավակնորդներ, կարող են հետագայում մասնակցել մրցույթին»,-ասաց Մարգարիտա Խաչատրյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ