Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի, Գյումրու ներկա ու նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի ու Սուրեն Ջանոյանի ձերբակալություններից հետո Գյումրիում մեկնաբանություններ են շրջանառվում, որ կենտրոնական իշխանությունն այս միջոցով փորձում է հասնել իշխանափոխության Հայաստանի երկրորդ քաղաքում։
Ըստ լուրերի կամ հնչող ենթադրությունների, ՔՊ-ական իշխանությունը այս ձերբակալությունների միջոցով Գյումրին միանձնյա կառավարող «Բալասանյան դաշինքին» փորձում է հարկադրել հրաժարվել քաղաքային իշխանությունից ու արտահերթ ընտրություններ անցկացնել, իսկ մինչ ընտրությունները՝ ժամանակավորապես ՔՊ-ական քաղաքապետ կարգել։
Փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, որը համակարգում է քաղաքի ամենածանր ոլորտներից մեկը՝ քաղաքաշինությունը, դատարանի որոշմամբ 20 միլիոն դրամ գրավով տնային կալանքի է ենթարկվել։ Իսկ սա նշանակում է, որ նա առնվազն երկու ամիս չի կարող պաշտոնավարել։
70 միլիոն դրամ գրավով տնային կալանքի է ենթարկվել Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատու Բալասանյանը, իսկ Գյումրու նախկին փոխքաղաքապետը՝ Ռուբեն Սանոյանը, որն, ըստ իրավապահ ոլորտի մեր աղբյուրների, որևէ անգամ չի առնչվել հարուցված քրեական վարույթի հետ, գեթ մեկ անգամ չի հրավիրվել հարցաքննության, նրան ևս ձերբակալել էին, ազատ են արձակել երկրից չհեռանալու մասին ստորագրություն վերցնելով։ Նա Սամվել Բալասանյանի քրոջ ամուսինն է, Գյումրու համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանի հայրը։
Կարդացեք նաև
Գյումրիում նման ենթադրություններ հնչեցնելու առիթ տալիս է նաև այն, որ « Սև Բերդ» ամրոցի՝ սեփականաշնորհման չենթակա շրջակա հողամասերի օտարման փաստով քրեական վարույթ նախաձեռնվել էր շատ վաղուց՝ դեռ նախորդ իշխանությունների օրոք, սակայն այն կարճվել էր, իսկ ՔՊ-ական իշխանությունը վերջերս վերաբացել է այն ու ակտիվ գործողություների անցել Սամվել Բալասանյանի ծննդյան 70-ամյակի օրը՝ գուցե և նրան հստակ ուղերձ հնչեցնելով։
Ինչևէ, « Բալասանյան դաշինքից» այս պահին պարզաբանում ստանալ հնարավոր չէ, նրանք լռում են։ Գյումրու քաղաքապետարանից մեզ փոխանցում են, որ փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանի պարտականությունները կատարելու մասով էլ դեռ թեկնածու չունեն, քննարկում են։
Իսկ ՔՊ-ից Aravot.am-ին հավաստիացնում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում իշխանափոխության չի պատրաստվում։
Գյումրու նախկին փոխքաղաքապետ, ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը, պատասխանելով մեր այն հարցին, որ իշխանափոխության մասին խոսակցությունները գնալով ակտիվանում են, ասաց հետևյալը․
«Այդ խոսակցությունները նոր չեն, երկար ժամանակ է՝ Գյումրիում իշխանափոխության մասին խոսում են։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն որևէ օրակարգ չունի քաղաքային իշխանություն վերցնելու։ Մենք իշխանություն վերցնելու մի տարբերակ գիտենք, դա ժողովրդավար, արդար ընտրություններն են։
Մենք այսօր չունենք նման օրակարգ որևէ բան փոփոխելու, և այդ խոսակցությունները, որոնք գնում են իրավապահ համակարգի գործողություններից հետո կամ «Բալասանյան դաշինքի» հետ հուշագիր խզելուց հետո կամ մի քանի հոգու հարցազրույցներից հետո, թե գնում ենք այս ճանապարհով, ՔՊ-ն ունի մի պայման՝ յուրաքանչյուր իշխանություն վերցնելը կամ տալը լինելու է ժողովրդավար ընտրությունների միջոցով, ամենակարևորը՝ օրինական ճանապարհով։ Ավագանիներին անվստահություն հայտնելով կամ ինչ-որ գործընթացով գնալու համար, ինչպես եղավ Ախուրյանում, այդտեղ օրենքի սահմաններում մենք հնարավորություն ունեինք անել, որովհետև մեկ ավագանու խնդիր էր այդտեղ, ավագանու անդամը դուրս եկավ իր խմբակցությունից, եկավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին քվե տվեց։ Դրանից առաջ անվստահություն հայտնեցին նախկին ղեկավարին։
Գյումրին ունի ավագանու 33 անդամ, 33-ից «Քաղաքացիական պայմանագիրը» ընդամենը 11 անդամ ունի, 11 անդամով հնարավոր չէ քաղաքում իշխանություն փոխել։
Խոսակցությունները, էնտուզիազմը, որ նաև ինտրիգներ մտնեն այս ամենի մեջ, միանշանակ շատ մեծ է, բայց վստահեցնում եմ՝ մենք մի ճանապարհ ունենք, այդ ճանապարհը օրենքն է, օրինականությունն է ու արդար ընտրություններ են»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ