«Եթե Նիկոլ Փաշինյանն ապրեր միջնադարում, ապա աստվածաշնչյան նման մեկնաբանության համար, ինկվիզիտորները նրան խարույկի կհանեին։ Իսկ եթե ավելի լուրջ՝ Փաշինյանը շարունակում է բուն պետականության գաղափարը ոչնչացնելու իր քաղաքականությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա դասախոսությանը։
Արթուր Խաչատրյանը հիշեցնում է որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքերը՝ որքա՞ն կարող ենք պայքարել, ի վերջո, ե՞րբ ենք ապրելու․ «Հիմա էլ նույնն է ասում, ասում է՝ Հայաստանում սովորական կյանք չկա, պետք է տառապես ու որքան էլ տառապես, միեւնույն է, հացը Հայաստանում անհասանելի է դառնում ու այդ դեպքում բնական հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ ապրել Հայաստանում, եթե կարելի է գնալ ուրիշ տեղ եւ վայելել»։
Արթուր Խաչատրյանը միաժամանակ հիշեցնում է․ «Որեւէ երկիր չի ապահովել իր անվտանգությունն ու բարեկեցությունը՝ թշնամիների առաջ վիզ ծռելով։ Չկա բարեկեցիկ, խաղաղ, ժողովրդավար երկիր, որն ունակ չէ պաշտպանելու իր սահմանները։ Ուստի, որպեսզի ապահովենք մեր բարեկեցությունը, կանգնեցնենք արտագաղթը, նախեւառաջ պետք է կարողանանք ապահովել մեր պետության անվտանգությունը։ Եվ վերջապես, թող որեւէ մեկը չկարծի, թե ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, Միացյալ թագավորությունում, Ճապոնիայում, ԱՄԷ-ում՝ առանց քրտնելու հնարավոր է հաց վաստակել եւ բարեկեցիկ ապրել»։
Երեկ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հոգեւոր Հայաստանի իր հայեցակարգը՝ դասախոսություն կարդալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ժողովրդավարության դպրոցում։
Կարդացեք նաև
Ըստ նրա, մեր հանրային սոցիալ-հոգեբանության մեջ հայեցակարգային ճեղքվածք կա․ «Որտեղ հաց, այնտեղ կացը» վատ է, որովհետեւ դա արտագաղթի է բերում։ Մեզ պետք է հոգեւոր Հայաստան։ Հոգեւոր Հայաստանի համար պետք է մաքառում, պայքար, բայց այնուամենայնիվ, հացը պետք է։ Գաղափարական ճեղքվածք է առաջանում՝ հացը լավ բան է, թե՞ վատ բան է»։ Արդյունքում, Նիկոլ Փաշինյանի մեկնությամբ, ձեւավորվում է «քարից հաց քամող» մարդու մասին խոսույթը․ «Հացի լեգիտիմությունն, այնուամենայնիվ, ճանաչվում է, բայց հաց ստեղծելը գրեթե անհնարինության հետ է հավասարեցվում։ Սա մեր սոցիալ-հոգեբանության առանցքային դրույթներից մեկն է»։
Այս ամենը նա կապում է Աստվածաշնչյան մի ձեւակերպման հետ, երբ Աստված բարկանում է Ադամի եւ Եվայի վրա ու նրանց Դրախտից վտարում է, անիծում է եւ ասում․ «․․․Եվ քո երեսի քրտինքով ուտես հացդ՝ մինչեւ հող դառնալդ»։ Ու մեկնաբանում է, որ մինչ այդ, Եդեմի պարտեզում ամեն ինչ կար անվճար՝ «տաղավարները, ռեստորանները, կարող էիր մտնել, անվճար՝ ցանկացած տեղ ու պատվիրեիր անվճար ինչ-որ ցանականայիր»։ Իր բնութագրմամբ, այս ամենի արեւմտյան ընկալումը տարել է աշխատանքի տրամաբանությամբ, որի մեջ հաճույքի տարրն էլ տեղ ունի․ «Աստված այսքանն ասել է, ասել է՝ քրտնես․ հիմա դու թե տրենաժորի վրա կքրտնես, թե տառապելուց կքրտնես, թե ինչ անելուց կքրտնես․․․ սոցիալ-հոգեբանությունն էդ ա, որ երբ ասում են՝ քրտնես, դու ասում ես, ուրեմն մենք պետք է չարչարվենք, տառապենք․․․ Մեկ ուրիշն ասում է՝ հա նորմալ է, կքրտնենք»։
Իր հետագա դատողություններում էլ Նիկոլ Փաշինյանը հանգում է նրան, որ առաջին քրիստոնյա ազգն ենք, շատ ենք հետեւում Աստծո պատվիրաններին ու սրում ենք այս ամենը՝ ասելով՝ «քարից հաց կքամենք», այսինքն՝ «սոված մնաս, որովհետեւ սոված պիտի մնաս, որ մաքառես, որովհետեւ, եթե սոված չես՝ չես մաքառի, խի՞ պիտի մաքառես»։
Ապա Նիկոլ Փաշինյանը եզրակացնում է, որ «քարից հաց քամելու» հայեցակարգը դառնում է իշխող գաղափարաբանություն՝ հացի բացակայությունը մեծամասնության մոտ արդարացնելու համար, մինչդեռ, իշխող փոքրամասնությունն այլեւս որեւէ խնդիր չունի՝ ոչ հացի, ոչ ջրի, ոչ փողի, ոչ ավտոյի, ոչ ճամփորդության ու բարեկեցության ու այդտեղ էլ ճեղքվածք է լինում։ Ու «որտեղ հաց, այնտեղ կացը» դատապարտողները մնում են Հայաստանում, իրենց համար հաց են ստեղծում, մյուսներին էլ Հայաստանում պահելու մեխանիզմը համարում են մաքառումն ու քարից հաց քամելը։
«Սա է ՀՀ երրորդ հանրապետության սոցիալ-հոգեբանությունը։ Ու ստացվում է մի իրավիճակ, որ առօրյա կյանքը մեզ համար դառնում է անհասանելի։ Հայաստանում սովորական կյանք չկա, սովորական կյանքը անհասանելի բան է մարդկանց համար»,- ասում է նա՝ հավելելով, որ իբրեւ պետություն, իբրեւ հասարակություն, մենք առօրյա, սովորական կյանքով ապրելու խնդիր մեր առջեւ չենք դրել, այն կանխավարկածով, որ ուրիշները մեզ թույլ չեն տա դա անել։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ