Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր գաղտնի փաստաթղթեր՝ Բելառուս-Ադրբեջան ռազմական առեւտրի մասին. «Հետք»

Հոկտեմբեր 14,2024 16:27

«Հետքն» իր գործընկերոջից ստացել է Բելառուսի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ նոր գաղտնի փաստաթղթեր:

Այս տարվա հունիսին գրել էինք Բելառուսի կողմից Ադրբեջանին մատակարարված ռազմական նշանակության մի շարք ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, հրապարակել էինք բելառուսական ձեռնարկությունների` 2017-2023 թթ. որոշ պաշտոնական նամակներ՝ ուղղված միմյանց եւ ադրբեջանական կողմին:

Նամակներում արձանագրված պայմանավորվածություններն ու դրանց կյանքի կոչումը ցույց են տալիս, թե ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկեր համարվող Բելառուսը վերջին տարիներին ինչպես է ինտենսիվորեն ռազմական արտադրանք ու ծառայություններ վաճառում Ադրբեջանին, որի գլխավոր թիրախը եղել ու մնում է Հայաստանը, նախկինում՝ նաեւ Արցախը:

Ինչպես նախորդ հոդվածում, այս անգամ էլ նամակներին կանդրադառնանք ըստ ժամանակագրության:

44-օրյա պատերազմից առաջ բելառուսները կարգի էին բերում Ադրբեջանի «Պոլոնեզները»

2020 թ. օգոստոսի 26-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնածավալ պատերազմի սանձազերծումից ընդամենը 1 ամիս առաջ, բելառուսական «Վոլատավտո» ԲԲԸ-ի (ОАО «Волатавто») գլխավոր ինժեներ Դմիտրի Բարազնովը նամակ է գրել «Ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարան» հանրապետական արտադրական միացյալ ձեռնարկության (РПУП «Завод точной электромеханики») տնօրեն Յուրի Չյորնիին՝ հայտնելով, որ «Վոլատավտո», «ՄԶԿՏ» եւ Britex ընկերությունների մասնագետները պատրաստ են մեկնել «1221» տարածաշրջան (նկատի ունի Ադրբեջանը)՝ ռեկլամացիոն աշխատանքներ կատարելու:

Հիմա հասկանանք, թե սա ինչ է նշանակում: Այսպես՝ «ՄԶԿՏ» գործարանը (Минский завод колёсных тягачей, МЗКТ) արտադրում է բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի «ՄԶԿՏ-7930» շասսիները: «Պոլոնեզը» ռուսական «Սմերչի» բելառուսական այլընտրանքն է եւ 2018-ից ընդգրկված է Ադրբեջանի սպառազինության մեջ: Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հավաստմամբ՝ 44-օրյա պատերազմում Ադրբեջանը հրթիռակոծել է Ստեփանակերտը ոչ միայն «Սմերչով», այլեւ «Պոլոնեզով»: «Վոլատավտոն» 1991-ին ստեղծվել է որպես «ՄԶԿՏ»-ի դուստր ձեռնարկություն, սակայն 2009-ից առանձին բաժնետիրական ընկերություն է: Այն եւս «Պոլոնեզ» համակարգի արտադրման մասնակից է: Britex Industrie-Technik-ը գերմանական մեքենաշինական ընկերություն է, որը մասնագիտացած է, մասնավորապես, ամբարձիչ տեխնիկայի սեգմենտում եւ ներկայացուցչություն ունի Բելառուսում: «Պոլոնեզի» մշակմանն ու արտադրությանը մասնակցում է նաեւ վերոնշյալ Ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարանը: Իսկ ռեկլամացիոն աշխատանքներն այն աշխատանքներն են, որոնք կատարվում են գնորդի/պատվիրատուի բողոքի/պահանջի հիման վրա: Այսինքն՝ ադրբեջանական կողմը «Պոլոնեզի» վերաբերյալ ինչ-ինչ խնդիրներ է արձանագրել, եւ բելառուսները մասնագետներ են ուղարկել այնտեղ՝ դրանք շտկելու համար:

«Պոլոնեզ» ՀԿՌ համակարգերը՝ Ադրբեջանում

Նկատենք, որ ռուսական եւ բելառուսական զորքերի գործունեությանը հետեւող «Բելառուսական Գայուն» նախագիծը X սոցցանցի իր էջում այս տարվա հունիսին եւս մի քանի գաղտնի փաստաթղթեր էր հրապարակել, որոնք վերաբերում են 2020 թ. Ադրբեջանում «Պոլոնեզների» վերանորոգման դրվագին: Այդ փաստաթղթերից տեղեկանում ենք, որ 2020-ի փետրվարին Ադրբեջանի ՊՆ-ն բելառուսական կողմին ներկայացրել է «Պոլոնեզ» համակարգերում ի հայտ եկած որոշ դեֆեկտներ: Դրանք հայտնաբերվել էին, մասնավորապես, տրանսպորտալիցքավորիչ մեքենաներից մեկի ամբարձիչի վրա: Հավանական խափանումներից զերծ մնալու համար կանխարգելիչ աշխատանքներ էին նախատեսվել նաեւ 6 հատ «ՄԶԿՏ-7930» շասսիների վրա: Այս ամենի համար էլ կազմակերպվել է բելառուսական ընկերությունների մասնագետների այցը Ադրբեջան, ինչին անդրադարձանք վերեւում: Այցը նախանշվել էր 2020-ի օգոստոսի առաջին կեսին: Տրանսպորտալիցքավորիչ մեքենայի ամբարձիչի դեֆեկտների շտկման մասին ակտը ստորագրվել է սեպտեմբերի 15-ին Բաքվում:

Սա նշանակում է, որ 44-օրյա պատերազմից անմիջապես առաջ, եթե ոչ նաեւ ընթացքում, Բելառուսի մասնագետները կարգի են բերել Ադրբեջանի «Պոլոնեզները»: Ընդ որում՝ փաստաթղթերում նշվում է «Պոլոնեզ-ՄԱ» համակարգի մասին, որը, ենթադրաբար, մոդեռնիզացված «Պոլոնեզ-Մ»-ի՝ Ադրբեջանի համար նախատեսված տարբերակն է: «Պոլոնեզ-Մ»-ի կրակի առավելագույն հեռավորությունը 300 կմ է:

Բելառուսն Ադրբեջանին առաջարկում է GPS-ի եւ նմանատիպ համակարգերի աշխատանքը խափանող սարքեր 

Նախորդ հոդվածում գրել էինք Բելառուսից Ադրբեջան մատակարարվող «Գրոզա-Ս» հակադրոնային շարժական կայանների մասին, որոնք ադրբեջանական բանակի շարքերն սկսել են համալրել 2018-ից: Սրանց նախագծողն ու արտադրողը բելառուսական «ԿԲ Ռադար» ԲԲԸ-ն է (ОАО «КБ Радар»):

Այս ընկերության տնօրեն Իգոր Սադովսկին շուրջ 6 ամիս առաջ՝ 2024 թ. ապրիլի 1-ին, նամակ է գրել «Բելսպեցվնեշտեխնիկա» ձեռնարկության գլխավոր տնօրեն Իգոր Վելենտեյին՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ համագործակցությանը:

Վերը ներկայացված նամակները եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ում թղթի վրա Հայաստանի գործընկեր համարվող Բելառուսը թե՛ 2020 թ. պատերազմից առաջ, թե՛ դրանից հետո, այդ թվում՝ ներկա պահին, շարունակում է ռազմական առեւտուրն Ադրբեջանի հետ, որի իշխող ռեժիմի ռազմաշունչ, ագրեսիվ ու հակահայ հռետորաբանությունը հատկապես Իլհամ Ալիեւի նախագահության տարիներին երբեք չի թուլացել ու այսօր էլ շարունակվում է: Սա հիմք է տալիս ասելու, որ պաշտոնական Բաքվի կողմից (իր մեծ ու փոքր արտաքին քաղաքական հենարանների աջակցությամբ) Հայաստանի դեմ նոր ռազմական էսկալացիայի ռիսկը մնում է բավականին բարձր:

Նկարի ձեւավորումը՝ Նարե Պետրոսյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031