Ազգերի լիգայի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումում 0:2 հաշվով պարտվելուց հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվեց պաշտոնից: Սակայն ձախողումները միայն գլխավոր մարզչի վրա բարդելը չի բավարարում հայ ֆուտբոլասերներին:
Խաղից հետո ֆուտբոլասերների «Առաջին հայկական ճակատը» (FAF) երեկ երթով գնացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա եւ հանդիպում պահանջել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ՝ նրանից լսելու իրենց եւ մեծ առումով ֆուտբոլի երկրպագուներին հետաքրքրող հարցերի պատասխանները: Սակայն ՀՖՖ նախագահը հարկ չի համարել հանդիպելու նրանց:
FAF-ը ֆեդերացիայի շենքի մոտ հայտարարել է. «Մենք աջակցել ենք ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին, ցանկացել ենք, որ լավ լինի, դրական փոփոխություններ լինեն մեր ֆուտբոլում: Բայց, ցավոք, այդ փոփոխությունները մենք չենք տեսել: Բոլոր FAF-ականները կփաստեն. մեզ շատ են մեղադրել, բոլորն ասում են «Նեմեցի» ժամանակ սենց արեցիք, իսկ Արմեն Մելիքբեկյանի ժամանակ չեք անում: Բայց մեր դիրքորոշումը եղել է այն, որ ցանկացած ֆեդերացիայի պետք է ժամանակ տալ: Ֆեդերացիան կարող է սխալվել մեկ անգամ, կարող է սխալվել երկու անգամ, երեք անգամ:
Մենք մեր մասով միշտ ցանկացել ենք աջակցել ֆեդերացիային, որ ստացվի. տարատեսակ ակցիաներ, տարատեսակ հանդիպումներ, խորհուրդներ: Բայց եկել ենք այն իրավիճակին, որ ՀՖՖ նախագահը նույնիսկ լայաղ չի անում գալ մեր հետ հանդիպման, հարցերի պարզաբանման: Ու սա առաջին դեպքը չէ: ՀՖՖ նախագահը, կարելի է ասել, չի ցանկանում մեզ հետ հանդիպել: Այս պարագայում մենք կարծում ենք, որ ՀՖՖ նախագահը պետք է հեռանա: Մենք չենք հավատում այլեւս, որ կարող է ֆուտբոլի՝ թվարկածս տարբեր ասպեկտները գնան դեպի լավը: Կարծում ենք, որ ՀՖՖ նախագահը սպառել է իրեն: Մեր հետագա անելիքների, գործողությունների մասին կիմանաք առաջիկայում»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արմեն Մելիքբեկյանը ոչ թե սպառել է իրեն, այլ ի սկզբանե նա չի էլ ունեցել կազմակերպչական, նախաձեռնողական և կառուցողական հատկանիշներ։ Նա ընդամենը շարքային բյուրոկրատ է, որը իր աթոռը պաշտում է հայկական ֆուտբոլից տասնապատիկ անգամ շատ։