«Սահմանափակում դնել այն տեսակետից, որ արցախցիները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն, որպեսզի կարողանան դիմել բնակարանային ապահովման ծրագրերին, նման մոտեցումն անթույլատրելի է եւ խտրական, որովհետեւ Փախստականների մասին կոնվենցիան հավասարեցնում է փախստականներին օտարերկրացիներին։ Իսկ ՀՀ ներքին օրենսդրությունը սահմանափակումներ չի սահմանում օտարերկրացիների կամ ոչ ՀՀ քաղաքացիների համար՝ ՀՀ-ում անշարժ գույք, շարժական կամ որեւէ այլ գույք ձեռք բերելու համար։ Այս դեպքում խախտվում է կոնվենցիայով երաշխավորված փախստականների իրավունքը, կառավարության այս որոշման շրջանակներում ունենք խտրականության դրսեւորում փախստականների նկատմամբ»,- այսօր Արցախից բռնի տեղահանված անձանց աշխատանքային իրավունքների վիճակի ուսումնասիրության արդյունքների ներկայացման ժամանակ ասաց ՀՔԱՎ գրասենյակի ներկայացուցիչ Անի Չատինյանը։
Նա ներկայացրեց, թե որքանով են բռնի տեղահանված արցախցիների համար հասանելի ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը։
Նշեց, որ բռնի տեղահանված անձինք նշել են, որ ինչ-որ հարցի շուրջ, երբ ցանկացել են հեռախոսազրույց ունենալ պետական հաստատությունների աշխատակիցների հետ, գրեթե չեն կարողացել կապվել եւ պարզաբանում ստանալ իրենց դիմումների կամ ստացած մերժումների հետ կապված։
Անի Չատինյանի խոսքով՝ իրենց հետ հանդիպած արցախցիների ճնշող մեծամասնությունը տեղեկատվության հասանելիության խնդիր է ունեցել բնակարանային ապահովման եւ մյուս ծրագրերի մասին։ «Որքան էլ պետական մարմինները նշեն, որ իրազեկում իրականացրել են, այնուամենայնիվ պետք է հաշվի առնենք, որ գործ ունենք կյանքի դժվարին պայմաններում հայտնված անձանց հետ, ովքեր ինտեգրման խնդիրներ ունեն, ովքեր տեղափոխվելուց անմիջապես հետո ունեցել են նաեւ առողջական խնդիրներ»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ