Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիների 79.4 տոկոսը Հայաստանում վարձակալությամբ են բնակվում, աշխատանք չունեն 51.7 տոկոսը. հետազոտություն

Հոկտեմբեր 14,2024 14:10

Բռնի տեղահանված եւ հարցումներին մասնակցած արցախցիների 42.9 տոկոսը նշել են, որ աշխատանք ունեն Հայաստանում։ 57.1 տոկոսն աշխատանք չի ունեցել։ Հարցվածների 68.5 տոկոսն ասել են, որ Հայաստանում ավելի ցածր են վարձատրվում, քան Արցախում։

Այս մասին այսօր Արցախից բռնի տեղահանված անձանց աշխատանքային իրավունքների վիճակի ուսումնասիրության արդյունքների ներկայացման ժամանակ ասաց APR Goup ՀԿ ղեկավար, հասարակական հետաքրքրության առաջատար խմբի ղեկավար Լիանա Բալյանը։

Հարցմանը մասնակցած արցախցիների 14.2 տոկոսն է միայն ասել, որ լիովին բավարարված է Հայաստանում ունեցած աշխատանքով։

Նշենք, որ ՀՔԱՎ գրասենյակը Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ 2023 թվականի դեկտեմբերի 1-ից իրականացրել է բռնի տեղահանված անձանց իրավական աջակցության ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում կազմակերպությունը ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում ներգրավել է կոնտակտային անձանց և իրավաբանների, ովքեր տրամադրել են իրավաբանական խորհրդատվություն և պրակտիկ աջակցություն բռնի տեղահանված անձանց՝ պետական աջակցության ծրագրերի իրականացման արդյունավետության և հասանելիության գնահատման նպատակով։

Զուգահեռաբար Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից համակարգվող ծրագրի շրջանակներում «Հանրային հետազոտությունների առաջատար խումբ» կազմակերպության կողմից իրականացվել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աշխատանքային իրավունքների և զբաղվածության վերաբերյալ երկփուլ հետազոտություն։

Բնակարանային պայմանների մասին հարցին արցախցիների 79.4 տոկոսը պատասխանել են, որ բնակվում են վարձակալությամբ, միայն 3.9 տոկոսն են ասել, որ բնակարանն իրենց սեփականությունն է։ Մնացածը նշել են, որ բնակվում են ծանոթ-բարեկամների տանը։

Հարցված արցախցիների մեծամասնությունը նշել են, որ իրենց ընտանիքի միջին ամսեկան եկամուտը 150-350 հազար դրամ է կազմում։

Անդրադառնալով հարցին, թե ինչպիսի՞ն կլինի Հայաստանի վիճակը, հարցված արցախցիների 32.9 տոկոսն ասել են, որ վիճակը կվատանա, 19.3 տոկոսն ասել են, որ կտրուկ կվատանա, իսկ 15.5 տոկոսը նշել են, որ կտրուկ կլավանա։

Հարցված արցախցիների 52.8 տոկոսը նշել են, որ ցանկանում են աշխատել ու ապրել Հայաստանում։

Աշխատանքի հետ կապված ապագայի ի՞նչ պլաններ ունեք, հարցին հարցված արցախցիների 6.8 տոկոսն ասել է, որ պատրաստվում են մեկնել Ռուսաստանի Դաշնություն, 7.6 տոկոսը նշել են, որ մտադիր են մեկնել այլ երկրներ, 12.8 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին, 19.5 տոկոսը ցանկություն են հայտնել վերադառնալ Արցախ, իսկ 52.8 տոկոսը նշել են, որ պատրաստվում են աշխատել ու ապրել Հայաստանում։

Ըստ Լիանա Բալյանի՝ եթե հարցը լիներ՝ ցանկանո՞ւմ են վերադառնալ Արցախ, արցախցիների 90 տոկոսից ավելին կպատասխանեին՝ այո, բայց տվյալ դեպքում հարցը հնչել է աշխատանքի հետ կապված։ Եվ արցախցիների մեծ մասը ցանկություն են հայտնել մնալ ու աշխատել Հայաստանում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031