Լրահոս
Օրվա լրահոսը

«Գինին ավելին է, քան պարզապես խմիչք․ այն կամուրջ է, որը միավորում է մարդկանց». ՀՀ էկոնոմիկայի նախարար

Հոկտեմբեր 14,2024 13:01

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ֆրանսիայի Հանրապետության Դիժոն քաղաքում մասնակցել են Խաղողի և գինեգործության միջազգային կազմակերպության (OIV) հարյուրամյակին նվիրված միջոցառմանը և Խաղողի և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին։

Գևորգ Պապոյանն իր ողջույնի խոսքում կարևորել է OIV-ի առաքելությունը և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ աջակցելու համաշխարհային գինեգործության կայուն զարգացմանը։

«Գինին ավելին է, քան պարզապես խմիչք․ այն կամուրջ է, որը միավորում է մարդկանց, մշակույթներն և տնտեսությունները: Մենք մեծապես գնահատում ենք Խաղողի և գինու միջազգային կազմակերպության կենսական աշխատանքը վերջին 100 տարիների ընթացքում գինեգործական երկրների միավորման, ոլորտի կարգավորման և զարգացման խթանման գործում», – նշել է Գևորգ Պապոյանը:

Իր ելույթում նախարարն անդրադարձել է Հայաստանում խաղողագործության և գինեգործության հնագույն ավանդույթներին և հարուստ ժառանգությանը։ Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից որպես տնտեսության գերակա ճյուղ ճանաչված հայկական խաղողագործությունը ներկայում վերածնունդ է ապրում։ Ոգեշնչված հազարամյա ավանդույթներով և դրանք համադրելով ժամանակակից տեխնոլոգիաների հետ՝ Հայաստանում արտադրվում են միջազգային չափանիշներին համապատասխանող որակյալ գինիներ։

Գևորգ Պապոյանն ու Արման Խոջոյանը մասնակցել են նաև Խաղողի և գինեգործության միջազգային կազմակերպության գլխավոր գրասենյակի՝ Դիժոն տեղափոխման պաշտոնական արարողությանը։

Միջոցառման և համաշխարհային կոնգրեսի շրջանակներում Գևորգ Պապոյանը հանդիպել է Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենային անվտանգության նախարար Աննի Ժենեվարի հետ։ Կողմերը քննարկել են  գյուղատնտեսության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խորացման հնարավորությունները։

Հայկական պատվիրակությունն արդյունավետ հանդիպումներ և առանձնազրույցներ է ունեցել մի շարք երկրների գործընկեր նախարարների հետ՝ անդրադառնալով գյուղատնտեսության և գինեգործության ոլորտում համագործակցության հնարավորություններին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031