Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանացու արտաքինով հայ գրողը Գերմանիայի միջազգային փառատոնում ներկայացրեց Հայաստանը

Հոկտեմբեր 14,2024 11:44

Գրականության պատմության մեջ եղել են դեպքեր, երբ ստեղծագործությունը չի նկատվել իր ժամանակին կամ ընդհակառակը, մեծ արձագանք է գտել կամ սիրվել է թե՛ իր ժամանակին, թե՛ հետո: Հեշտ չէ դատել ժամանակակից գրականության դեպքում, հատկապես եթե հեղինակը մեր կողքին է (թեպետ միշտ չէ գործում՝ «գնա մեռի, արի սիրեմ» տարբերակը): Այս այն դեպքն է, երբ հեղինակի գործերը նույնքան ջերմությամբ են ընդունել նաև իր հայրենիքում:

Արդի հայ հեքիաթագրության մեջ թե՛ գրականագիտական, թե՛ ամենատարբեր տարիքի ընթերցողների շրջանակում ժամանակակից գրականությանը հետևող մարդիկ առանձնահատուկ վերաբերմունք ունեն «Բյուրեղապակե մարդը» հեքիաթների գրքի հանդեպ: Այն տպագրվեց 2 անգամ, գրեթե ամբողջությամբ սպառվեց, և, ըստ մեզ հասած տվյալների, շուտով «Անտարես» հրատարակչությունը ոչ մեծ քանակով կվերահրատարակի գիրքն ընթերցողների խնդրանքով:

«Բյուրեղապակե մարդն» արժանացել է ոչ միայն հանրապետական, համահայկական, այլ նաև Մարկ Տվենի անվան միջազգային գրական մրցույթի մրցանակների, բեմադրվել տարբեր դպրոցներում, դարձել սիրված ու համարվել ամենակարդացվող հեքիաթներից:

Կապվեցինք հեղինակի՝ վերջերս Մովսես Խորենացու մեդալի արժանացած դրամատուրգ, դերասան Էլֆիք Զոհրաբյանի հետ, որը օրերս է վերադարձել Գերմանիայի միջազգային գրական փառատոնից՝ ներկայացնելով Հայաստանը: Նա նշեց, որ Գերմանիայի Հալլե քաղաքում տեղի ունեցավ «Ինթերլիզը» գրական փառատոնը, որտեղ տարբեր երկրների գրողներ ընթերցում էին իրենց ստեղծագործությունները, իսկ օտար լեզուներին տիրապետելը պարտադիր պայման էր: Հայաստանի Գրողների Միության և Ֆրիդրիխ Բյոդեքեր Կրայս միության համագործակցության արդյունքում նա պաշտոնական հրավեր ստացավ:

Հեքիաթագրի հետ նախատեսված էին տարբեր հանդիպումներ: Նրա հեքիաթները թարգմանվել էին գերմաներեն, իսկ մեկը զետեղվել Հալլեի հայտնի «Oda» հանդեսում: Փառատոնի մյուս ներկայացուցիչներն էին Լիտվայից ճանաչված գրող Ռիմանտաս Քմիթան, որի վեպի հիման վրա ֆիլմ է նկարահանվել, Մարիա Մայնելը և ազգությամբ պարսիկ Համիդ Էշրադը Բեռլինից և այլք:

Փառատոնի վերջին օրը Հալլեի տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ հանդիսավոր փակումը, որի ընթացքում գրողները գերմաներենով և անգլերենով հարցազրույց տվեցին, ապա ընթերցեցին իրենց գործերից:

Հեքիաթագիր Էլֆիք Զոհրաբյանի հետ հանդիպում էր կազմակերպվել գերմանացի 11-16 տարեկան աշակերտների հետ Մերսեբուրգ և Թոյչենթալ քաղաքների գրադարաններում, Ռոսենբախ գյուղի դպրոցում: Ինչպես հավաստիացրեց Էլֆիք Զոհրաբյանը՝ «Բյուրեղապակե մարդը» գրքի հեքիաթները Գերմանիայում ևս մեծ արձագանք գտան, այդ մասին են վկայում գերմանացի ընթերցողների ու ունկնդիրների կարծիքները, իսկ մեր զրուցակիցը հավելեց. «Ես շատ երջանիկ կվերադառնայի փառատոնից այսքան ջերմ ընդունելությունից հետո, եթե իհարկե գերմանական դպրոցներում աշակերտները որևէ բան իմանային մեր երկրի մասին: Ես քարտեզ խնդրեցի և էկրանի վրա ցույց տվեցի մեր պատմական հողերը՝ Տիգրան Մեծի ժամանակաշրջանից մինչև մեր օրերը: Իմ թարգմանչուհի Ֆրենսիսն արդեն անգիր էր արել այդ անունը և արդեն ինքն էր նախապես ներկայացնում, որ Տիգրան Մեծի մասին գրվել է ավելի քան 25 օպերա աշխարհում: Բացի Արամ Խաչատրյանի երաժշտությունը, որը ծանոթ էր ավագ սերնդի գերմանացիներին և մեծագույն հիացմունքով էին խոսում, հնչեցրինք նաև Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը ևս: Մի խոսքով՝ նախ Հայաստան աշխարհի մասին, հետո՝ նրա հեքիաթագրի ու հեքիաթների մասին…»:

Թոյչենթալ քաղաքի գրադարանում կա «հայտնիների պատ», որտեղ անվանի մարդիկ թողնում են իրենց ստորագրությունը: Գրադարանի տնօրինությունը խնդրեց Է. Զոհրաբյանին որևէ բան գրել կամ ուղղակի ստորագրել այդ պատին: Նա հայատառ գրեց. «Թեթև տարեք» ու ստորագրեց:

-«Որոշ հանդիպումներ ինտերակտիվ էի անցկացնում, – հավելեց հայ դրամատուրգը, – օրինակ, հարցնում էի՝ եթե դուք լինեիք այդ բարի կախարդների դպրոցում, ի՞նչ կփոխեիք կյանքում կամ ինչեր կանեիք: Մի քանի աշակերտ ասացին՝ կվերացնեինք պատերազմները: Իսկ ամենաոգևորիչն այն էր, որ վերջում մոտենում էին ու հարցնում՝ «Բյուրեղապակե մարդը» գրքի գերմաներեն տարբերակը որտեղից կարող են ձեռք բերել: Ասացի, որ, ավաղ, դեռ չունենք գերմաներեն գիրքը: Իսկ փառատոնի փակմանը հարցազրույցի ժամանակ վարող Կատյա Հոֆմանը հարց տվեց, թե ինչպե՞ս է, որ հաճախ եմ ֆիլմերից առաջարկ ստանում խաղալու գերմանացու դեր, ինչպես, օրինակ, «Գարեգին Նժդեհ» ֆիլմում: Եվ հենց նախորդ օրը Հայաստանից ինձ զանգեցին և կրկին գերմանացու դեր էին առաջարկում, իհարկե, դա պատահականություն էր ու փոքր-ինչ զվարճալի: Կատյային կատակով պատասխանեցի, որ եկել եմ իմ հայրենիքը… Հանդիսասրահը ծիծաղեց: Վերջում շատերը մոտեցան և ոգևորված խոսում էին իմ պատերազմի մասին «Ամպերից այն կողմ» հեքիաթի տպավորություններից… Շնորհակալ եմ մեր գրողների միությանը ևս, ինչպես նաև փառատոնի նախագահ Սանդրա Հոյխելին հրաշալի ընդունելության համար»:

Նշենք, որ սա հերթական միջազգային փառատոնն է, որտեղ գրող, դերասան Էլֆիք Զոհրաբյանն արժանապատվորեն ներկայացնում է Հայաստանը և նորովի ներկայացնում մեր երկիրը՝ հետաքրքրություն առաջացնելով մշակույթի ու հայ արվեստի հանդեպ:

Լուսանկարները՝ Շտեֆըն Ռունկեի
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031