ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնի փորձագետ Նվարդ Չալիկյանը, Aravot.am-ի հացերին ի պատասխան, մանրամասնել է հոկտեմբերի 11-ին Նյու Յորքում կայացած «Հայաստանի նոր հավասարակշռությունը. Ռուսաստան, Արևմուտք և Հարավային Կովկասի ապագան» խորագրով քննարկման մասին: Մեկնաբանություններ տրամադրելիս Նվարդ Չալիկյանը շեշտեց, որ պատասխանները ոչ թե իր անձնական վերլուծությունն է, այլ քննարկման մասնակիցների ամփոփ ասելիքը:
«Հայաստանի արտաքին քաղաքականության համար կարևորագույն խնդիրը եղել և մնում է երկրի անվտանգության ապահովումը։ Թեև Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում, խաղաղությունը, որը մեզ թույլ կտա ապրել առանց Ադրբեջանի հարձակման վտանգի, դեռ հեռու է իրականություն լինելուց: Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է իր թշնամական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ` պահանջելով միակողմանի զիջումներ, մենք պետք է առավելագույնի հասցնենք մեր ինքնապաշտպանության մակարդակը։ Կարևոր է հզորացնել հայկական բանակը, ինչպես նաև ստեղծել համապարփակ պաշտպանության համակարգ, որը կներառի նաև միջոցներ բնակչության ինքնապաշտպանության համար», – պատմում է փորձագետը:
Ըստ Չալիկյանի տրամադրած տեղեկատվության՝ փորձագետների կարծիքով՝ Հայաստանը պետք է շարունակի դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը՝ շարունակելով զարգացնել հարաբերությունները բարեկամ երկրների հետ, առանց ՌԴ-ի հետ թշնամանալու, քանի որ դա կարող է բացասական հետևանքներ ունենալ մեր երկրի համար:
Արևմտյան աջակցության մասին ասաց. «Այսօր Արևմուտքը և ԱՄՆ-ն ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում տարածաշրջանի հանդեպ և հետաքրքրված են ավելի մեծ ներգրավվածություն ունենալ Հայաստանում։ Սա ստեղծում է նոր հնարավորություններ Հայաստանի համար, սակայն ԱՄՆ ներգրավվածությունը մնում է սահմանափակ և անվտանգության երաշխիքներ չի ենթադրում»:
Կարդացեք նաև
«Հետևաբար, Հայաստանը պետք է մեծապես իր կարողությունների վրա հույս դնի, այլ ոչ թե արտաքին ուժերի: Այդ հարցում կարևոր է ինչպես պետության, ինստիտուտների, այնպես էլ սփյուռքի ու Հայկական եկեղեցու դերը», – եզրափակեց ԱՊՐԻ Արմենիայի փորձագետը:
Հոկտեմբերի 11-ին Նյու Յորքում կայացել է Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական անկախ վերլուծական կենտրոն ԱՊՐԻ Արմենիայի հրավիրած ՀՀ արտաքին քաղաքականության և անվտանգության թեմայով միջոցառումը:
Քննարկմանը մասնակցում էին մի շարք օտարերկրացի փորձագետներ՝ Ատլանտիկ խորհրդի եվրասիական կենտրոնի ավագ համակարգող, Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթը, կրոնական ազատությամբ զբաղվող մի շարք կազմակերպությունների ղեկավար-անդամ, միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Սեմ Բրաունբեքը, Observor Research Foundation America-ի գործադիր համակարգող Դհրուվա Ջայշանկարը, Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ Գարո Փայլանը, Արտաքին քաղաքականության հետազոտման ինստիտուտի Եվրասիայի հետազոտման ղեկավար, գնդապետ Ռոբերտ Հեմիլթոնը:
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ